«Առաքելական եկեղեցին վարկաբեկողները, ազգային արժեքները ծաղրողները կամա թե ակամա հող են ստեղծում ադրբեջանական նմանատիպ հարվածների համար». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գարեգին Նժդեհի վրա հարձակումը պատահական չէ և չի սահմանափակվում միայն ալիևյան տխրահռչակ ելույթով։
Ադրբեջանական քաղաքական ռազմավարության մեջ հայաստանյան իշխանափոխությունից հետո արագ զարգանում է այս ուղղությունը՝ Հանրապետականների իշխանազրկումից հետո նախկինների հանդեպ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած զարհուրելի արշավը ոմանց թույլ է տվել մտածելու, որ առիթից օգտվելով, մեր հակառակորդները կարող են «քշել» նաև մեր օրոք պետության ներսում նոր իմաստ ստացած այս հենասյան վրա։
Ալիևը ընդամենը մեր նոր իշխանությունների կողմից հրահրված արշավի դրսի կողմն էր։ «Ազգ-Բանակը» քննադատողները, ԵՐԿՐԱՊԱՀ քարկոծողները, Առաքելական եկեղեցին վարկաբեկողները, ազգային արժեքները ծաղրողները, կամա թե ակամա, հող են ստեղծում ադրբեջանական նմանատիպ հարվածների համար։
Արդյո՞ք մեր կառավարման 10 տարիներին մենք առաջնորդվում էինք միայն նժդեհյան գաղափարներով։ Ավաղ, ոչ միշտ։
Ու դրա պատճառները շատ են։ Նժդեհականությունը իր փիլիսոփայության մեջ բնավ չի կորցրել յուր արդիականությունը, սակայն այն վերարժևորելու, 21-րդ դարին համարժեք փաթեթավորելու, առավել ընկալելի դարձնելու խնդիր կա։
Գլոբալիզմը խթանում է ազգայնականությունը։ Սա միայն առաջին հայացքից է պարադոքս։ Բայց արարչական կանոն է ուժեղացնել դիմադրողականությունը համաճարակների ժամանակ։ Փաշինյանական «լիբերալիզմը», թե իրականը, թե կեղծը Հայաստան աշխարհի քաղաքակրթական և գոյաբանական կենսունակությունը հյուծում է և թուլացնում։
Հակառակորդին միշտ լռեցրել և հաղթել է ազգայինը։ Թե տրեխների, թե սմարթֆոնների դարաշրջանում»: