Բաժիններ՝

Էլի վարկային բամբասանքներ

Երեկ կրկին ամենաշատ քննարկվող թեման մեր երկրի արտաքին պարտքն էր: Արտաքին պարտքին վերաբերող տեղեկատվությունը վերջին տարիներին երբեք հասարակական ուշադրության չի արժանանում: Մինչդեռ այս ոլորտում տարօրինակ իրավիճակ է: 2001թ. մեր արտաքին պարտքն առաջին անգամ հատեց մեկ մլրդ դոլարի սահմանը` դառնալով մեկ մլրդ 25 մլն դոլար: Եվս յոթ տարի պահանջվեց, որ այն աճի կիսով չափ: 2008-ի տարեվերջին Հայաստանը միջազգային տարբեր ֆինանսական կազմակերպություններին ու մի քանի երկրի պարտք էր արդեն 1 մլրդ 577 մլն դոլար: Այդ պահին ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ հաջորդ երեք տարիների ընթացքում երկրի արտաքին պարտքը կաճի աննախադեպ արագությամբ: Հենց նույն 2008-ին մեր իշխանությունները Ռուսաստանից հսկայածավալ պարտք վերցրեցին` 500 մլն դոլար: Ավելի ճիշտ, պայմանագիր կնքեցին հենց այդ գումարի չափով պարտք վերցնելու մասին: Հենց այդ վարկի մասին էլ այսօր միմյանցից տարբերվող տեղեկատվություն և վերլուծություններ են շրջանառվում: Նախ` խոշոր գործարար Փայլակ Հայրապետյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պատմեց, որ Ռուսաստանն այս վարկից 100 մլն դոլարը Հայաստանին առաջարկել է տալ ոչ գումարային տեսքով: Ըստ այս գործարարի` ՀՀ էկոնոմիկայի նախարար Երիցյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ադամանդագործության ոլորտի ձեռնարկատերերին առաջարկվել է 100 մլն դոլար արժողության ալմաստ ներկրել: Ներկրել և վերամշակել 23 ձեռնարկություններում: Փորձագետների կարծիքով` սա տնտեսական իմաստով աննպատակահարմար գործարք է: Երկրի պարտքը 100 մլն-ով ավելացնելն ամենևին էլ չի փոխհատուցի պարտքը: Բայց սա մեր տնտեսական կյանքում եզակի երևույթ չէ: Մինչ այդ էլ, հետո էլ մեր իշխանությունները հերթական վարկն են վերցնում` առանց այն օգտագործելու հստակ բիզնես պլաններ ունենալու: Ռուսական այս խոշոր վարկը դրա ապացույցներից մեկն է ընդամենը: Քաղաքական, ավելի ճիշտ` ներքաղաքական պատճառներով մեր իշխանությունները պարբերաբար արտաքին վարկեր են վերցնում: Դա մի կողմից` հնարավորություն է տալիս` այս կամ այն ոլորտում մի քիչ մեղմել սոցիալական լարվածությունը: Մյուս կողմից` վարկի իրացման ընթացքում, արդի հայերենով ասած, փող «կռայիտ» անելու հնարավորություն է ստեղծվում: Ճիշտ այդպես ռուսական վարկի 12-13 տոկոսն ուղղորդվեց Աղետի գոտու շինարարություն: Մնացած մասի ճակատագիրն այդպես էլ պարզ չէ: Մի մասը տրվեց մի քանի ձեռնարկության, մյուս մասը դրվեց կայունության հիմնադրամ կոչվածում: Գործարար Փայլակ Հայրապետյանն իր հարցազրույցում ինչ-որ բան շփոթում է: Կամ էլ մեր իշխանություններն են մեզ խաբում: Պաշտոնական տվյալներով` ռուսական 500 միլիոն դոլարանոց վարկը ՀՀ պետբյուջե ամբողջությամբ մուտքագրվել է 2009թ. առաջին կիսամյակում: Սակայն, եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, միևնույն է, միանշանակ չենք կարող պնդել, թե մեր իշխանությունները մեզ չեն խաբում: Ռուսական վարկը խորհրդարանական վավերացման (ավելի ճիշտ` խորհրդարանի դակմանը ներկայացնելիս) մեր իշխանությունները պնդում էին, որ վարկը Ռուսաստանը տրամադրում է արտոնյալ պայմաններով: «Գույք` պարտքի դիմաց» հանրահայտ գործարքից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի ամենախիստ պարտքատերը հենց Ռուսաստանի Դաշնությունն է: 1994թ. հետո մեր ֆինանսական հարաբերություններում Ռուսաստանը երբեք չի համաձայնել վերակառուցել մեր պարտքի մարման ժամանակացույցը: Ավելին, վարկային մուծումների բոլոր ուշացումների դիմաց` տույժ-տուգանքներ է հաշվարկել: Նույն պաշտոնական տվյալներն ապացուցում են, որ ռուսական վարկն արտոնյալ ժամկետներ չունի: Հենց նույն 2009թ. Հայաստանը 10 մլն 820 հազար դոլար գումար է մուծել` որպես տոկոսավճար: 2010թ. տոկոսավճարը կազմել է 18 մլն 270 հազար դոլար,
2011-ին` 6 մլն 220 հազար դոլար: Այս բարձր տոկոսավճարներն ապացուցում են, որ ռուսական վարկն իր բնույթով սովորական առևտրային վարկ է: Հետևաբար` «Որքանո՞վ է տնտեսապես նպատակահարմար բարձր տոկոսներով առևտրային վարկ վերցնել և դրանով փորձել վարկավորել տնտեսությունը» հարցն ինքնին հռետորական է: Բայց մեր արտաքին պարտքի տխուր պատկերը միայն ռուսաստանյան վարկով չի ձևավորվել: 2009-ի ռուսական վարկի «թեթև ձեռքով» մեր արտաքին պարտքը դարձավ 2 մլրդ 967 մլն դոլար: Ռուսաստանն այդ տարի դարձավ մեր արտաքին պարտքի 20,5 տոկոսի տերը: Հետագա երկու տարիներին մեր իշխանությունները ձեռքները ծալած չնստեցին: 2010-ի տարեվերջին Հայաստանի պարտքն արդեն 3 մլրդ 299 մլն դոլար էր, իսկ 2011-ին` 3 մլրդ 568 մլն դոլար: Մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամը` մակրոտնտեսագիտական դասագրքերը պնդում էին, որ երկրի պարտքը չպետք է գերազանցի սեփական ՀՆԱ-ի 50 տոկոսը: Այն երկրները, որոնց արտաքին պարտքը գերազանցել էր ՀՆԱ-ի 40 տոկոսը, համարվում էին անբարեհույս: Հիմա պատկերը մի քիչ փոխվել է` Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի և մի քանի այլ երկրների պարագային 50 տոկոսի մասին խոսելն արդեն, մեղմ ասած, ժամանակավրեպ է: Բայց այդ երկրների հետ համեմատվել պետք չէ: Նրանք իրենց տնտեսական խնդիրները մի կերպ կլուծեն: Մեր նախնիները վաղուց են «Մինչև հաստը բարակի` բարակը կկտրվի» արտահայտությանը առածի կարգավիճակ տվել: Մեր պարագային է պետք զգուշանալ: Հատկապես, որ տարին նախընտրական է: Հատկապես, որ մեր իշխանություններն են աջ ու ձախ պարտքեր վերցնում` առանց հստակ պատկերացնելու, թե ինչ են անելու այդ գումարները: Խոսքն, իհարկե, գրպանելու մասին չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս