Թրամփի հայտարարություններն իրականում շփոթի վկայություն են՝ «խրոխտ շփոթի». Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թրամփը հայտարարում է, թե մերժել է բանակցելու Իրանի առաջարկը՝ ասելով, թե ոչնչացրել է այդ երկրի ՀՕՊ-ը, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը: «Նրանք ուզում էին բանակցել, ես ասացի՝ արդեն ուշ է»:

Ավելի վաղ, Իրանն էր հայտարարել, թե կտրականապես մերժում է բանակցելու ԱՄՆ առաջարկը: Այդ մասին հայտարարել էր ներկայումս թերեւս Իրանի դիմադրության դե ֆակտո առաջնորդ Լարիջանին:

Իսկ Թրամփը հայտարարել էր, թե իրանցիները դիմել էին բանակցելու առաջարկով: Եթե իրանցիները դիմել էին առաջարկով, ինչու՞ չի բանակցել, կամ ինչու՞ այդ ժամանակ չհայտարարեց, թե արդեն ուշ է:

Թրամփի հայտարարությունները իրականում նրա մոտ շփոթի վկայություն են՝ «խրոխտ շփոթի»: Եվ սա թերեւս զարմանալի չէ: Եթե չի ստացվում հարվածներով, անընդհատ հարվածներով Իրանը մատնել քաոսի կամ անկառավարելիության, ապա դա ձախողում է: Այս ամբողջ պատմության իմաստը չէր կարող լինել Իրանն ավիրելը: Պատմություն իմաստ կունենար, եթե Իրանը փլուզվեր իբրեւ քաղաքական սուբյեկտ: Եթե Իրանն ավիրուսմ ես, բայց իբրեւ քաղաքական սուբյեկտ այն փլուզված չէ, ապա «ճանապարհ» ես բացում Ռուսաստանի եւ Չինաստանի համար՝ որ գան Իրանը վերականգնելու, արդեն իրենց «պատկերով ու նմանությամբ»:

Սա է, որ Թրամփին գուցե դանդաղ, գուցե խրոխտ, բայց տանում է ցուգցվանգի: Մի տեղ, որտեղից նրան փորձում էր հետեւողականորեն ու բարեխղճորեն ապահովագրել օրինակ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, որը այս ընթացքում լուռ է, քանի որ իր գործն արել է բարեխիղճ՝ Թրամփին ներկայացրել տվյալներ, որ չկա Իրանի վրա հարձակվելու որեւէ հրատապ պատճառ: Բայց Թրամպը փաստորեն լսել է ոչ թե ազգային հետախուզությանը, այլ՝ թերեւս ուրիշ «հետախուզության»:

Այստեղ է Թրամփի խնդիրը, որն իհարկե հնարավոր է քողարկել հայտարարություններով, բայց չեղարկել դրա էությունը՝ առավել բարդ է»:

Տեսանյութեր

Լրահոս