«Իրանական շահերին դեմ է, եթե Թուրքիան փորձի հաստատվել այս տարածաշրջանում». Իրանագետ

Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին: Վերջինս արժանացավ միջազգային կոշտ արձագանքների: Լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.amի հետ զրույցում անդրադարձավ այս հարցում Իրանի դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել էր իր զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում. «Իրանի ԱԳ նախարարությունը՝ անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ և ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը և բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման և Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը»:

Վ. Ոսկանյանը նշեց, որ, թեև իրանցիները չափազանց խիստ հռետորաբանություն են ի ցույց դնում, բայց կա մի կարևոր հանգամանք ևս. «Չնայած Սիրիայում իրանաթուրքական տարատեսակ հակասություններին՝ քրդական հարցն այն հազվադեպ կետերից է, որտեղ շատ դեպքերում Թուրքիայի և Իրանի շահերը համընկնում են, և այս պարագայում՝ իրանական դիրքորոշումները, կարծում եմ, միտված են լուծելու մեկ կարևոր խնդիր՝ հնարավորինս արագ վերադարձնելու Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանները (որտեղ, գիտեք` ձևավորվել էր ամերիկամետ նաև զինված դաշինք` տարբեր քրդական քաղաքական և ոչ քաղաքական ուժերի միջև) Սիրիայի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ»:

Նա նաև հավելեց, որ սա Իրանի թիվ մեկ խնդիրն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարածաշրջանում քրդերը ցանկություն ունեին վերադառնալու Սիրիայի կազմ՝ առնվազն ինքնավարության մակարդակով, իսկ Սիրիայի միասնականությունը բխում է Իրանի շահերից.

«Հետևաբար՝ ըստ իս, Իրանի դիրքորոշումները գործողությունների դաշտում հետևյալն են՝ թողնել, որպեսզի քրդերի խնդիրը Սիրիայի հյուսիսում գոնե մասնակիորեն լուծեն թուրքական զինված ուժերը, բայց հեռագնա ծրագիրն այն է, որ «լուծումից» հետո այդ տարածքները պետք է միանշանակորեն լինեն Բաշար Ալ Ասադի կամ Սիրիայի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ»:

Ի դեպ, այս տարածաշրջանում Իրանի այլ նպատակների ու շահերի մեջ իրանագետն առանձնացրեց դեպի Միջերկրական ծով ելքը. «Ակնհայտ է, որ այս տարածքում իրանցիների նպատակը, ինչի մասին նաև խոսվել է, դեպի Միջերկրական ծով ելքն է՝ Իրաքով, Սիրիայի նաև այս տարածքներով, և այս իմաստով՝ այդտեղ, որքան հնարավոր է՝ արագ խաղաղության հասնել:

Իրանական շահերին դեմ է, եթե Թուրքիան փորձի հաստատվել այս տարածաշրջանում. կարծում եմ՝ այդ պարագայում իրանական արձագանքները և գործողությունները կլինեն շատ ավելի կոշտ»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս