Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ: Այդ մասին տեղեկատվություն է տարածել հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Հաղորդագրության համաձայն, Գախարիան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ, որոնք Վրաստանի կարեւորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ առեւտրատնտեսական ոլորտում:
Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան: Մինչ այդ, հոկտեմբերի 9-ին նա կուղեւորվի Ադրբեջան: Պլանավորվում է նաեւ Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջին: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի վարչապետը Բրյուսել կայցելի Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային վերադասավորումների ավարտից հետո, երբ նորացված Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի իր լիազորությունների կատարմանը: