Ինչպե՞ս է «ARM» սերիայի պետհամարանիշով մեքենան ծառայել Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետին
Դիվանագիտական պետհամարանիշերի թեման կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Ըստ հրապարակումներից մեկի՝ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից դիվանագիտական անձնագրերից ու պետհամարանիշերից օգտվելու սկանդալից հետո նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան։
Խոսքը վերաբերում է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին, ով, ըստ հրապարակման, աշխատանքի է գնում դիվանագիտական պետհամարանիշերով մեքենայով, ԱԳՆ պետհամարանիշերով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի և կայանում հենց տեսչության բակում։
168.am-ը Արտաքին գործերի նախարարությունից փորձեց պարզել` ինչո՞ւ է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին սպասարկում ԱԳՆ պետհամարանիշով մեքենա։
Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայությունից հայտնեցին.
«ՀՀ ԱԳՆ-ն պետհամարանիշ չունի։ Եթե խոսքը «ARM» սերիայի պետհամարանիշերի մասին է, ապա դրանք Հայաստանում օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող միջոցառումների ժամանակ տրվում են ավտոմեքենաների վարձակալությունն ապահովող ընկերությանը՝ միջոցառման անցկացման համար վարձակալված բոլոր ավտոմեքենաների համար։ ՀՀ ԱԳՆ-ն Պետական արարողակարգի ծառայությունից այդ մեքենաների շարժն այցի ծրագրից դուրս չի վերահսկում»։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ