Այն, ինչ կարելի է Նիկոլ Փաշինյանին, չի կարելի ոչ ոքի
Սեպտեմբերի 27-ից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի հետ պատահած միջադեպը տեղի ունեցավ, շատերը, հատկապես՝ իշխանական շրջանակները, անվերապահորեն դատապարտեցին երիտասարդների արարքը։
Քիչ անց չուշացավ նաև պաշտոնական արձագանքը։ Աննա Դանիբեկյանին թիկնապահ տրամադրեցին, տղաներն էլ նախ՝ ձերբակալվեցին, ապա՝ կալանավորվեցին։
Տեղի էր ունեցել այն, որ երկրորդ նախագահի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քայլում էին Աննա Դանիբեկյանի կողքով, և Նարեկ Մութաֆյանը հարց էր ուղղում շարունակ դատավորին, թե արդյո՞ք ինքը ճանաչում է վնգստացող դատավորների, ինչպես վարչապետն էր պնդում, և ինքն իրեն այդպիսին համարո՞ւմ է, իսկ Սարգիս Օհանջանյանը սոսկ տեսանկարահանում էր իրականացնում։
Այս զարգացումը շատերին ստիպեց վերհիշել հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կատարվածը, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջող խումբը շրջափակել էր Ալվինա Գյուլումյանին, գոռում ու անպատվում էր, և նույնիսկ քաշքշելուց չխորշեցին։
Դատախազությունը որոշեց, որ այս երկու միջադեպերը նույնացնելը շահարկում է, և մի ծավալուն պարզաբանում ներկայացրեց հարցի շուրջ, որի էությունն այն էր, թե «Ալվինա Գյուլումյանն իր տված բացատրության մեջ նշել է, որ, թեև ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ իր անձի հասցեին: Այսինքն՝ պարզվել է, որ ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ոչ թե կոնկրետ որևէ գործի քննության հետ կապված, այլ նրանց բողոքը վերաբերել է դատական համակարգին: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտել են ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, ինչն ուղղված չի եղել նրանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելու կապակցությամբ դատավորներին վիրավորանք հասցնելուն, ինչպես նաև կոնկրետ դատական գործի ընթացքի վրա ազդելուն:
Բացի այդ՝ ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն չի գործադրվել: Նման պայմաններում հետաքննության մարմնի կողմից իրավաչափորեն ակցիայի մասնակիցների նկատմամբ վերը նշված հոդվածներով քրեական գործ հարուցելը համարվել է մերժման ենթակա՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Մինչդեռ 27.09.2019թ. ոստիկանության Շենգավիթի բաժնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի շրջանակներում Ն. Մութաֆյանին և Ս. Օհանջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-իմ մասով մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ նրանք արդարադատությանը խոչընդոտելու նպատակով կատարել են դատավոր Աննա Դանիբեկյանի տեղը պարզելուն ուղղված կոնկրետ գործողություններ, օրեր շարունակ հետևել են նրան քաղաքի տարբեր հատվածներում, իսկ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում, գիշերը միայնակ տուն վերադարձող կին դատավորին հետապնդել, վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, վիրավորող արտահայտություններ են արել, մասնավորապես՝ դատավորի գլխին փայտով հասցված վնասը դիտելու հայտարարությամբ ծաղրի ենթարկել, այդ ամենը ցուցադրել ուղիղ եթերով՝ ուղղակիորեն կապված դատավորի վարույթում քննվող կոնկրետ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» վերաբերյալ քրեական գործի հետ: Ընդ որում՝ քննությամբ դեռ պետք է լիարժեք պարզվեն դատավորին հետևելու, նրա տեղը պարզելու ամբողջական և իրական նպատակները:
Նրանց կողմից Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դրսևորվել է ուղղակիորեն որպես դատավոր իր լիազորությունների իրականացման առնչությամբ: Այս առումով հիմնավորված և արդարացված չեն նշված երկու դեպքերը միմյանց հետ համեմատելու և դրա հիման վրա ընտրողական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ արվող դատողությունները»:
Դատախազության դիրքորոշումը մի կերպ հասկանալի է այն տեսանկյունից, որ դե, մի կերպ պետք էր լղոզել ընտրովի արդարադատության դրսևորումները, բայց խնդիրն այն է, որ համացանց կոչվածը, ի դժբախտություն իշխանությունների, ամեն ինչ հիշելու սովորություն ունի:
Այսպես, վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը դեռևս 2017թ. մայիսի 10-ին մի տեսանյութ է տեղադրել, որում այն ժամանակ քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հետապնդում է ոստիկան կնոջը, ով իր ծառայողական պարտականություններն էր իրականացնում, և, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Ես խոսում էի, ոստիկանության համազգեստով գեղանի աղջիկը եկել է, թևիցս քաշում է, ասում է՝ մի հատ ձեր միտինգը հավաքեք ստեղից: Ես ասացի` ներկայացեք, նա փախավ, մտավ Շարուրի 14 շենքի բնակարաններից մեկը»:
Սրան հետևում է քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետապնդումն այս ոստիկան կնոջը, որը հասնում է ընդհուպ այդ կնոջ բնակության վայր: Ողջ գործընթացն ուղեկցվում է շատ հետաքրքիր խոսքուզրույցով՝ ընդմիջվելով միայն Նիկոլ Փաշինյանի՝ Դավո անունով օպերատորին շարունակ տեղի ունեցողը նկարահանելու հրամանի արձակմամբ:
Հարևաններին են հարցուփորձ անում, տան տեղն են գտնում, դռան զանգը տալիս, կարճ ասած՝ փնտրում իրեն նեղացրած ոստիկան կնոջը: Չենք կարող հստակ պնդել, թե գտնելուց հետո նրան ի՞նչ էին անելու, բայց ամեն դեպքում գործընթացը բավականին հետաքրքիր էր:
Տեսանյութում ամեն ինչ պարզ ու հստակ պատկերված է:
Թեպետ տեսանյութի մեջ Նիկոլ Փաշինյանի խոսքերի ապացույցը չկա, ամենևին չենք վիճարկում նրա խոսքերի ճշմարտացիությունը, բայց եթե կինը խոչընդոտել էր նրանց քարոզարշավը, պարտադի՞ր էր նրան հետապնդել մինչև տուն տեսանկարահանող խցիկներով ու խմբով, թե՞ կարելի էր, ամեն դեպքում, ավելի վաղ ոստիկան կանչել ու պարզել խնդիրը:
Լավ կլինի, որ դատախազությունը հանդես գա նաև այս տեսանյութի հանդեպ դիրքորոշմամբ, եթե ներկայիս դիրքորոշումը պայմանավորված չէ իրավիճակի փոփոխությամբ:
Գոհար Սավզյան