«Ցավում եմ, որ որպես մասնագետ ներկայացող անձինք իրենց կարող են թույլ տալ նման մանիպուլյատիվ հայտարարություններ». Տիգրան Եգորյան
««Մարտի 1»-ի գործով բոլոր իրավահաջորդները հանդիսանում են Մարտի մեկին սպանված անձանց ազգականները»,- այս մասին հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե՝ փաստաբան Լուսինե Սահակյանը նշել էր, որ փոխհատուցում ստանալու են ոչ թե Մարտի 1-ին զոհվածների ընտանիքները և տուժողները, այլ քրեական գործով ներգրավված իրավահաջորդները՝ նկատելով, որ դրանք երկու տարբեր հասկացություններ են և երկու տարբեր նպատակներ կարող են ունենալ: Ըստ նրա՝ փոխհատուցում է ստանալու անձը, ով դատավարության ընթացքում որոշակի իրավունքներ ու պարտականություններ ունի, որոշակի հարցեր կարող է բարձրացնել կամ չբարձրացնել, և ոչ թե՝ հարազատը կամ զոհվածի երեխան. Սա կարո՞ղ է ազդել գործի քննության օբյեկտիվության վրա:
Տ. Եգորյանը նման հայտարարությունները որակեց մանիպուլյացիա. «Ես ցավում եմ, որ որպես մասնագետ ներկայացող անձինք իրենց կարող են թույլ տալ նման մանիպուլյատիվ հայտարարություններ. սա շատ վատ քայլ է և վատ արարք, մասնավորապես Ձեր նշած անձը հստակ գիտի՝ ով ով է այս գործում: Ուրեմն այս գործում չկա որևէ քրեական դատավարության կարգով իրավահաջորդ ճանաչված անձ, որն անմիջական ազգականը չէ սպանված տուժողի: Սա չափազանց ստոր մանիպուլյացիա է, եթե այս նպատակով է արվել, և եթե սրա նպատակն ու ենթատեքստն այն է, որ այստեղ ինչ-որ անհասկանալի իրավահաջորդներ են, որոնց շահերը հակառակ են զոհված անձանց ազգականների շահերին:
Ուրեմն, «Մարտի 1»-ի գործով բոլոր իրավահաջորդները հանդիսանում են Մարտի 1-ին սպանված անձանց ազգականները՝ տղան, հայրը, մայրը, կինը, քույրը և այլք. նման մակարդակի անթույլատրելի է իջնել, մանավանդ՝ որպես մասնագետ ներկայանալու պարագայում»:
Տ. Եգորյանը նաև հստակեցրեց, որ Կառավարության որոշմամբ Մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց տրվող գումարը ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն:
Զարուհի Դիլանյան