«Սփյուռքի նոր հանձնակատար է նշանակվել, տեսնենք, թե ինչքանով կարդարացնի իրեն». Շահնուր Մինասյան

Հայերը Բելգիայում հաստատվել են դեռևս ուշ միջնադարում: Նրանց թիվը համալրվել է Ցեղասպանությունից փրկված տարագիրներով ու տարբեր տարիներին նաև Հայաստանից արտագաղթածներով: Բելգիահայ համայնքում ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր։

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցին Բելգիայում գործող միակ հայկական եկեղեցին է, որը սկսել է գործել 1990-ականներից:

1998 թվականին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

2011 թվականից Բելգիայում գործում է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան, որը հայապահպանության գործում լուրջ ներդրում ունի:

168.am-ը բելգիահայերի կյանքի, հայապահպանության հիմնախնդիրների և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին զրուցել է Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ ՇԱՀՆՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

– Պարոն Մինասյան, քանի՞ հայ կա այսօր Բելգիայում:

– Մեր մոտավոր հաշվարկներով՝ 30-35 հազար. Ինչո՞ւ մոտավոր, որովհետև ստատիստիկա անելն այդ առումով բավականին դժվար է. երբ ներգաղթյալները ստանում են բելգիական քաղաքացիություն, ծագումը չի նշվում: Հայրս՝ Գևորգ Մինասյանը, որը տեղի «Լրագիր» հայատառ թերթի խմբագիրն է, նաև հեղինակել է «Հայերը Բելգիայում» գիրքը, հետազոտություն է արել, և հանգել ենք 30-35 հազար թվին:

Հաշվի առնելով, որ պարբերաբար համալրվում է հայերի թիվը Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայում, ինչպե՞ս է տեղի ունենում նոր ներգաղթողների ինտեգրումը. արդյո՞ք հայկական ազգային կառույցները կարողանում են հին ու նոր ներգաղթողների միջև ստեղծել համայնքային կապ:

– Հայերը բավականին արագ են ինտեգրվում, բավականին արագ են հարմարվում, դա երևի որոշակի գենետիկ տվյալների հետ է կապված, արագ են սովորում լեզուն՝ ի տարբերութուն մյուս ներգաղթողների:

Ինչպես նշում են տեղի քաղաքային իշխանությունները՝ հայերը արագ ինտեգրվողների շարքում են. կարողանում են շատ արագ յուրացնել թե՛ լեզուն, թե՛ սովորությունները (այդ առումով բավականին ճկուն են. դա լավ է, թե վատ՝ մի փոքր այլ ուսումնասիրության առարկա է):

Հայկական ազգային կառույցների աջակցությամբ հին ու նոր համայնքների միջև կապի ստեղծումը բավականին եթերային արտահայտություն է. նման բան փաստացի գոյություն չունի: Կապ կարող է լինել ինչ-որ գործնական առումներով, շատ անհատական ֆոնի վրա. Բոլորն ինտեգրվում են՝ ինչպես կարողանում են:

Հայապահպանության մարտահրավերներին ինչպե՞ս եք կարողանում դիմակայել. Եկեղեցի, դպրոց, թերթ, տարբեր հայկական միություններ ու խմբակներ ի՞նչ դերակատարում ունեն համայնքում:

– Ինչպես բոլոր երկրներում, այստեղ նույնպես հայապահպանությունը շատ խրթին թեմա է: Պիտի հորս գրած մի հոդվածը հիշեմ՝ կոչվում էր՝ «Հայապահպանություն՝ իրականությո՞ւն, թե՞ միֆ», որտեղ բավականին հանգամանորեն անդրադարձել էր պատմականորեն ձուլված համայնքներին:

Եկեղեցին, դպրոցը, հայկական միությունները և խմբակները հայապահպանության գործում մեծ դեր են խաղում, բայց երեխաները հաճախելով բելգիական դպրոցներ՝ միմյանց հետ հաղորդակցվում են հոլանդերենով:

Ի պատիվ երիտասարդ սերնդի, սակայն, նշեմ, որ հակումը դեպի մայր հայրենիք մի նոր տրենդ է դարձել. հույսը դա է, որ մայր հայրենիքի հետ կապն ամրացնելով՝ կկարողանանք վառ պահել հայկականը, ազգայինը, և, որ դա չի սահմանափակվի միայն քեֆերի ժամանակ հայկական երգեր լսելով, այլ իրական-հոգևոր կապ կհաստատվի հայրենիքի իրական հոգևոր արժեքների հետ:

Ինչպիսի՞ն են հայ համայնքի հարաբերությունները Բելգիայի իշխանությունների հետ:

– Կոնկրետ մեր միությունը շատ լավ հարաբերություններ ունի, քաղաքական լոբբինգի առումով մեր գործունեությունը բավականին լուրջ արդյունքներ է տվել: Ընդհանուր հայերի հանդեպ վերաբերմունքը բավականին լավ է. Բելգիան տրադիցիոն հայամետ կեցվածք ունի:

– Հայ համայնքի հարաբերությունները ՀՀ նոր իշխանությունների հետ ինչպիսի՞ն են: Գո՞հ եք Սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականությունից:

– Մարդիկ կան՝ ունեն հարաբերություններ, բայց կոնկրետ մեր համադաշնությունը՝ ոչ: Մի ժամանակ լավ աշխատում էինք Սփյուռքի նախարարության հետ: Սփյուռքի նոր հանձնակատար է նշանակվել, տեսնենք, թե ինչքանով կարդարացնի իրեն, ինչքանով ավելի լավը կլինի, քան նախորդը: Եվրոպայի վարչության հետ բավականին լավ աշխատել ենք ու աշխատում ենք հիմա. Նոր քաղաքականությունն առանձնապես տեսանելի չէ :

Արդյո՞ք 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո եղան բելգիահայեր, ովքեր ցանկացան վերադառնալ հայրենիք:

– Ես չեմ ճանաչում նման հայերի, խոսվում է միշտ դրա մասին, բայց հենց այդ դեպքերից հետո հետ գնացողներ ես չեմ ճանաչում ու չեմ լսել:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս