«Նախարարական հանդիպումը Նյու Յորքում ոչնչով աչքի չընկավ». վերլուծաբան
«Կարծում եմ՝ մինչև հաջորդ հանդիպում որոշակի կդառնա նաև գերիների փոխանակման հարցը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով նախօրեին կայացած նախարարական հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել են ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:
Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ՝ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով: Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:
Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից նախարար Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։ Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։
Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ դատելով տեղեկատվական հոսքերից, հանդիպումը ոչնչով աչքի չընկավ: Ավելին, ըստ նրա՝ հանդիպման մասին ավելի շատ տեղեկատվություն կա հայկական աղբյուրներում, քան ադրբեջանական:
«Նման հանդիպումներին յուրաքանչյուրն իր օրակարգով է ներկայանում, և գուցե ինչ որ թեմաներ չեն քննարկվել կամ համաձայնության չեն եկել ինչ-որ հարցերում: Չի բացառվում, որ նման հանգամանք լինի, հատկապես, երբ կա գերիների փոխանակման հարցը, որի շուրջ տարաձայնություններ կարծես կան: Քննարկվել են ընթացիկ հարցեր, իրավիճակը շփման գծում, կազմակերպչական հարցեր, և այլն: Արձանագրենք, որ կարևոր են այս ձևաչափով նախարարների շփումները, քանի դեռ շարունակվում են ակտիվ հանդիպումները, շփման գծում միջադեպերը նվազագույնի են հասցվում: Կարծում եմ՝ մինչև հաջորդ հանդիպում որոշակի կդառնա նաև գերիների փոխանակման հարցը»,- ասաց նա: