Բաժիններ՝

«Անցած տարվա 20-25 տոկոսի դիմաց՝ 3 տոկոս աճ ունենք». տնտեսագետ

«Կառավարությունը 2019 թվականին պետական բյուջեում մոտ 10 տոկոս հարկային եկամուտների ավելացում էր նախատեսել` նախորդ տարվա համեմատ: Բացի այս, առաջին յոթ ամիսների կտրվածքով կառավարությունը հայտարարեց, որ շուրջ 57 միլիարդ դրամի չափով հավելյալ եկամուտներ ենք ունեցել: Ավելին, խոստացվեց, որ ավելացված արժեքի հարկը շուրջ 56 միլիարդ դրամի չափով կվերադարձվի տնտեսվարողներին»,- լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Սա շատ կարևոր քայլ է, քանի որ 56 միլիարդ դրամը հիմնականում ուղղվելու է արտահանման ոլորտին, և այն էլ՝ այն դեպքում, երբ արտահանման մասով ունենք մտահոգիչ արձանագրումներ: Ընթացիկ տարվա յոթ ամսվա կտրվածքով 3 տոկոսի աճ ունենք ընդամենը, մինչդեռ նախորդ տարիներին արտահանման աճը մի քանի անգամ ավելի է եղել, օրինակ` անցած տարվա 20-25 տոկոսի դիմաց՝ 3 տոկոս աճ ունենք»,- շեշտեց նա` հավելելով, որ ՀՀ տնտեսական զարգացման տեսլականը հենվում է արտահանման վրա:

Անդրադառնալով Ամուլսարի խնդրին` դաշնակցական տնտեսագետը նշեց, որ մասնագիտական շրջանակների համար ամեն ինչ շատ պարզ է` խոսքը ներդրումային մի խոշոր նախագծի մասին է, երկրորդ` բնապահպանական կարևորագույն խնդրի:

«Չի կարելի հակադրել ներդրումներ, տնտեսական զարգացում և բնապահպանական խնդիրներ: Հակադրումների ճանապարհին չենք կարողանալու լուծումներ գտնել, որքան էլ մեծ ցանկություն ունենանք: Այստեղ մտահոգիչը ժամանակն է. երբ անորոշություններն իրենց պատասխանը չեն ստանում, խնդիրն օր օրի ավելի է խորանում: Եվ սա վերաբերում է և՛ ներդրումային խնդրին, և՛ բնապահպանական, և՛ սոցիալ-տնտեսական: 1.5 տարի ամեն օր ներդրումային միջավայրի մասով ունենում ենք խորացող խնդիրներ, չի լուծվում տնտեսական ներդրումային հարցը, որը դրված է»,- նշեց բանախոսը:

Թադևոս Ավետիսյանը հույս ունի, որ Ամուլսարի խնդիրը, ի վերջո, տրամաբանական լուծում կստանա, իսկ ըստ նրա՝ տրամաբանական է բնապահպանական և տնտեսական շահերի համադրումը, ոչ թե՝ հակադրումը:

«Սա տրիվիալ կանոն է, որի պահպանմամբ է, որ այսօր զարգացած աշխարհն ունի հանքարդյունաբերություն: Որևէ երկիր, որը բարձր բնապահպանական ցուցիչներ ունի, դրան զուգահեռ՝ ունի տնտեսության այնպիսի ճյուղեր, որոնք որոշակի բնապահպանական ռիսկեր ունեն: Այսինքն` լուծումները կան, պետք են պարզապես տրամաբանական գործողություններ: Պետք է գնահատական տրվի, որի համար գումար և ժամանակ է անհրաժեշտ: Մենք որքան էլ ձգենք, որոշ դեպքերում` քաղաքական նպատակներով, այդ խնդիրը չի լուծվի ինքնաբերաբար, ավելին` կխորանա: Եթե վաղը պետությունը տուգանքներ պիտի վճարի, ժամանակի մեջ դա նույնպես չի փոքրանում, այլ ավելանում է»,- շեշտեց տնտեսագետը:

Այս համատեքստում նա նկատեց, որ առհասարակ հանքարդյունաբերության ոլորտի մասով ռազմավարության կարիք ունենք. միայն հողի ընդերքից հանելով հանքարդյունաբերության արդյունքը և դա հում վիճակում արտահանելով՝ մենք կորցնում ենք:

«Պետության խնդիրն է` խթանել, որպեսզի վերամշակող արդյունաբերության միջոցով երկրից արտահանենք ոչ թե հումք և նյութեր, այլ վերջնական պատրաստի արտադրանք: Այսինքն` մեր հողի ընդերքից հանված որևէ տնտեսական արդյունք առավելագույն պիտի ծառայի մեր երկրին, պետությանը, ոչ թե դրա 10-15 տոկոսը մնա մեր երկրում, իսկ մնացածը տնօրինեն ներմուծող երկրները»,- ամփոփեց Թադևոս Ավետիսյանը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս