Նիկոլի տեսիլքները, կամ՝ «քաղաքական խճանկարի» հետքերով

Քաղաքական կյանքի զարգացումներն օրըստօրե նոր երանգներ են ստանում, և դեպքերի հաջորդականությունը գնալով ավելի «գունավոր» է դարձնում քաղաքական համայնապատկերի ողջ ներկապնակը։ Այսօր փաստացի «քաղաքական խճանկարում» առկա են մի քանի առանցքային դետալներ, որոնք գործող իշխանությունների համար դարձել են բացահայտ գլխացավանքի առարկա։

Այսօր քաղաքական դաշտում առկա ամենագլխավոր թեժ թեման Ամուլսարի հանքի շահագործման հարցն է, դրան հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը՝ գումարած ընդհանուր Մարտի մեկի առանցքը, և վերջապես՝ ՍԴ-ում ծավալվող «թնջուկային բոլոլան», որն իրավական ոչ մի հիմք չունեցող, բայց իշխանությունների համար կարևորագույն խնդիր է։ Ահա նշված այս ամբողջ «կաշայի» թեման է, որ Փաշինյանին կանգնեցրել է «կոտրած տաշտակի» առաջ, և օր առաջ հրատապ կարգավորման կարիք է զգում։ Միևնույն ժամանակ՝ դեպքերի հաջորդականությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլն ու իր «գվարդիան» չունեն լուծման բանաձև ու տարբերակ՝ բացառությամբ «ասֆալտին փռելն» ու հանրությանը հերթական նոր բեմադրությամբ շոու հրամցնելը։

Փաստացի իր չորսժամյա ոչինչ չասող հերթական ասուլիսում Նիկոլ Փաշինյանը փորձեց հայ հանրությանը դարձյալ հիշեցնել իր մասին, սակայն, հանուն արդարության պետք է փաստենք, որ այս անգամ կարծես թե նրա մանիպուլյացիոն տարբերակը չաշխատեց։ Նա իր խոսքում հերթական անգամ փորձեց խոսել կոռուպցիոն սխեմաների ու սկանդալային բացահայտումների մասին, «որոնց մասին տարիներ շարունակ խոսել էր», այնինչ, ինչպես քանիցս նշել ենք, դրանք դասական PR տեխնոլոգիաներ էին, որոնք ուղղակի 2018-ի ապրիլին ծառայեցրեց հանուն իր քաղաքական ամբիցիաների։

Փաշինյանն ու իր սատելիտները տասնյակ տարիներ, իսկ առավել ակտիվ՝ վերջին յոթ-ութ տարում` գոռում-գոչում, բղավում, սրա-նրա մասին բամբասում, լուրեր էին տարածում, պատմություններ էին պատմում` կոռուպցիայի, համատարած թալանի, անօրինականությունների, ստրկացման, բռնաճնշումների, քաղաքական հաշվեհարդարների և մարդկությանը հայտնի և անհայտ մնացած անիրավությունների մասին: Ի դեպ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞վ էր թալանել, ո՞ւմ էին թալանել, ո՞ւմ էին ստրկացրել, ե՞րբ, այդ թալանվողն ի՞նչ էր ստեղծել…

Այդպես էլ պարզ չդարձավ, ի վերջո, Հայաստանում այդչափ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար, և, ամենակարևորը՝ այն համակարգվա՞ծ էր, թե՞ անհամակարգ: Այսօր ասուլիսի ժամանակ դարձյալ լսեցինք նույնը՝ դարձյալ «Սերժ Սարգսյանը», դարձյալ «Սաշիկի 50 տոկոսները»։ Հատկանշական է, որ այս անգամ Փաշինյանի ուշադրության առանցքում երրորդ նախագահի ընտանիքի թեման էր, որտեղ իր կողմից ինչ-ինչ նոր ելևէջներ մտցվեցին։ Կարող ենք արձանագրել մի կարևոր դետալ, որ փաստացի չի ստացվել Նիկոլի մոտ՝ խոսքը Սաշիկի 50-ի մասին է, երբ այդքան տարիներ ԱԺ ամբիոնից տարբեր տեքստերով հանրությանը հայտնում էր ընդդիմադիր Փաշինյանը, սակայն արդեն այսօր նա խոսում էր, թե Սաշիկը «Սարգսյանների ընտանիքի ամենաանմեղ դեմքն է»։ Պարզ է մի բան՝ Փաշինյանը չկարողացավ իր խոսքի տերը լինել և հանությանն ապացուցել, որ Սաշիկը ՀՀ-ի գրեթե բոլոր բիզնեսներից 50 տոկոս «փայ» ունի, հենց այդ պատճառով օրակարգ բերեց Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի թեման, հիմա էլ նա դարձավ «լուրջ կոռուպցիոներ» ու «թալանի կնքահայր»։

Համաձայնեք՝ Փաշինյանը պատերազմում է հողմաղացների դեմ, քանի որ համոզվել է, որ իր պատկերացրած «լեգենդար կոռուպցիան» ուղղակի չկար, իսկ Սաշիկն էլ  իրոք անմեղ մեղավոր է։ Տեղին է փաստել մի կարևոր հանգամանք ևս. Փաշինյանն իր ասուլիսում նման ընդգծված հակասերժական ելույթներն ունենում էր նաև Միքայել Մինասյանի վերջին քաղաքական ակտիվացումների հետ կապված, քանի որ Մինասյանը բացահայտ քաղաքական հայտ է ներկայացնում, իսկ Փաշինյանը, հասկանալով, որ նա կարող է լայն ճակատով անցնել համակարգային գրոհի, դրանից ոգևորված՝ թիրախավորում է կազմակերպել։

Ամփոփելով՝ փաստենք հետևյալը՝ իր կառավարման մեկուկես տարիների ընթացքում Նիկոլն այդպես էլ չհասկացավ, որ ինքն է պետության թիվ մեկը, որ իր կառավարման առանցքը պետք է տրամագծվի բացառապես պետականության տիրույթում, իսկ մնացած «լայվեր-կայֆերն» ընդդիմադիր ռոմանտիկ ժամանակներից մնացած հաճույքներ են, որոնցից պետք է ձերբազատվել։ Կարևոր է նաև ամրագրել, որ իր կառավարման ժամանակահատվածում նա այդպես էլ չդադարեց պայքարել Սերժի ստվերի դեմ՝ ամենուր փնտրել նրա հետքերն ու նրա կողմից թելադրված սխեմա։

 Արմեն Հովասափյան

 

Տեսանյութեր

Լրահոս