Բաժիններ՝

Բրիտանիան հոկտեմբերի 31-ին կլքի ԵՄ-ն, չնայած խորհրդարանի դիմադրությանը. Ջոնսոն

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս կգա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, չնայած Brexit-ի նոր հետաձգման հասնելու բրիտանական խորհրդարանի փորձերին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Իռլանդիայի իր պաշտոնակից Լեո Վարադքարի հետ Դուբլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպես հասկանում են ԵՄ-ում ամենուրեք, ներառյալ Դուբլինը, Brexit-ին նվիրված բանակցություններն ու բանավեճերն արդեն չափազանց երկար են շարունակվում: Այնտեղ ցանկանում են փակել այդ հարցը, եւ ես նույնն եմ ցանկանում: Մենք ԵՄ-ից դուրս կգանք հոկտեմբերի 31-ին, եւ ես վստահ եմ՝ խորհրդարանականները կհասկանան, որ դա իմաստուն որոշում է՝ հիմնված ժողովրդավարական հանրաքվեի արդյունքների հարգման վրա: Ինձ բնավ չի վախեցնում այն, ինչ կարող է տեղի ունենալ խորհրդարանում, քանզի ես գտնում եմ, որ բրիտանական ժողովուրդը ցանկանում է, որ մենք գործարք կնքենք ԵՄ-ի հետ եւ հանրակցությունը լքենք հոկտեմբերի 31-ին»,-ասել է Ջոնսոնը, հավելելով, որ հավատում է «մինչեւ հոկտեմբերի 18-ը գործարքի հասնելու հնարավորությանը»:

Վարադքարն իր հերթին հայտարարել է, որ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ գործարքը դեռեւս հնարավոր է, թեեւ դա չափազանց բարդ խնդիր է: Իռլանդիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է լսել Ջոնսոնի ցանկացած առաջարկություն, բայց պնդում է «բեքստոպի» ռեժիմի կիրառումը, որը կոչված է թույլ չտալու կոշտ սահմանի հայտնվելը Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ Brexit-ից հետո: Լոնդոնի գլխավոր պահանջներից մեկը, ընդհակառակը, ԵՄ-ի հետ համաձայնագրից «բեքստոպի» մասին դրույթների բացառումն է, սակայն Վարադքարի խոսքով, «բեքստոպին» վերաբերող պարզորոշ ամրագրված եւ իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածությունները չի կարելի փոխարինել «բանավոր խոստումներով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս