Պայքարում մնալու վերջին հնարավորությունը. Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա
Համառ խաղում Իտալիային պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ: Այս խաղը ամենակարևորներից մեկն է Հայաստանի հավաքականի համար, քանի որ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար պայքարել հնարավոր կլինի միայն հաղթելու դեպքում: Հակառակ դեպքում ուղեգիր նվաճելը ֆանտաստիկայի ժանրից կլինի:
Հայաստան
Հայաստանի ընտրանին բավականին լավ տեսք ունի այս ընտրական փուլում, չնայած զբաղեցնում է միայն չորրորդ հորիզոնականը, իսկ նախորդ տուրում 1:3 հաշվով պարտվել է Իտալիային:
Հայաստանի ընտրանին ընտրական մրցաշարը սկսեց Բոսնիա և Հերցեգովինայից (1:2) և Ֆինլանդիայից (0:2) կրած երկու պարտություններով, չնայած լավ խաղին և միավորների ակնկալիքներին: Լիխտենշտեյնի (2:0) և Հունաստանի (3:2) նկատմամբ տարած հաղթանակները հնարավորություն տվեցին պայքարել երկրորդ հորիզոնականի համար:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ հավաքականը փորձելու է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Ըստ մարզիչի, մարզչական շտաբը Իտալիայի հետ շատ էմոցիոնալ խաղից հետո փորձել է տրամադրել ֆուտբոլիստներին, որ երկու օրից կրկին շատ կարևոր խաղ կա:
Մարզչի խոսքով՝ մնացած բոլոր խաղերը լինելու են շատ վճռորոշ, թիմը հիմա կենտրոնացած է միայն առաջիկա խաղի վրա: Միայն լավ խաղից հետո է պետք հաշվել միավորները:
Հայաստանի հավաքականի հիմնական կադրային խնդիրը այս խաղից առաջ Ալեքսանդր Կարապետյանի բացակայությունն է, ով վիճելի կարմիր քարտ ստացավ Իտալիայի հետ խաղի առաջին խաղակեսի վերջում:
Թիմի կազմը մարզիչները որոշելու են բժիշկների հետ խոսելուց հետո, քանի որ թիմում կան թեթև վնասվածքներ ունեցող և հիվանդ ֆուտբոլիստներ:
Հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը նշում է, որ այս խաղում հնարավորությունները 50/50 են, բայց թիմը դաշտ է դուրս գալու միայն հաղթանակի համար:
Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանի հավաքականին կարող է օգնել համախմբված և նվիրված խաղը, այլ ոչ թե կարգը, քանի որ Հայաստանի ընտրանին Բրազիլիան և Իսպանիան չէ:
Ըստ Հովհաննիսյանի, Իտալիայի հետ խաղից հետո հավաքականի ֆուտբոլիստները հիասթափած և գլուխները կախ չեն եղել:
Կամո Հովհաննիսյանը թեթև վնասվածք ուներ, բայց դա դժվար թե խանգարի նրան մասնակցել առաջիկա հանդիպմանը:
Բոսնիա և Հերցեգովինա
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը երկրորդ հորիզոնականի հիմնական հավակնորդն էր, ըստ բուքմեյքերների կանխատեսումների, սակայն թիմը ունի ընդամենը յոթ միավոր և չիրականացած պահերի մի փունջ Ֆինլանդիայի (0: 2) և Հունաստանի (2: 2) դեմ ամենակարևոր խաղերում: Նույնիսկ Լիխտենշտեյնի հետ (5:0) խաղում մինչև 80-րդ րոպեն թիմը խփել էր միայն մեկ գնդակ:
Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին նշում է, որ թիմերի մեջ կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը իր թիմի համար շատ խնդիրներ է ստեղծել:
Ըստ վիճակագրության, Բոսնիայի հավաքականը իր գոլերի մեծ մասը ընդունել է երկրորդ խաղակեսում: Մարզիչը նշում է, որ դա ոչ թե ֆիզիակական վիճակի խնդիր է, այլ՝ կենտրոնացվածության պակասի:
Բոսնիայի հավաքականը եկել է Հայաստան հաղթելու համար և, ըստ մարզչի, ամեն ինչ անելու է իր նպատակին հասնելու համար, չնայած սպասվում է բարդ հանդիպում:
Հիշեցնենք, որ Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղը կկայանա այսօր՝ 17:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան