Բաժիններ՝

«…«Ֆիգարոն»՝ այնտեղ, «Ֆիգարոն»՝ այստեղ…». «Փիառ» արեք, բայց իմացեք

Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված էր տպագրել Հայաստանի մասին: «2018թ. համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը»,-ասված էր հրապարակման մեջ:

Ցանկացած առաջին կուրսի տնտեսագետ կամ երկրորդ կուրսի պատմագետ գիտի, որ` այս կամ այն կառավարության աշխատանքը գնահատելիս, տնտեսական վերլուծություններում հնարավորինս ճշգրիտ լինելու համար պետք է հաշվի առնել մի կարևոր գործնական իրողություն:

Այն է՝ տնտեսական ոլորտի ցանկացած բարեփոխում (եթե առկա է ռազմավարություն, ծրագիր), ցանկացած լուրջ քայլ, ցանկացած նախաձեռնություն, Հայաստանի պես երկրում, Հայաստանի դեպքում իր տնտեսական արդյունքը սկսում է արտահայտել առնվազն 1,5-2 (մեկուկեսից երկու) տարի հետո, իսկ դրա սոցիալական արդյունքը նկատելի է դառնում 3-4 (երեքից չորս) տարի հետո: Կատարված աշխատանքը գնահատելիս, առավել օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու համար պետք է ժամանակային առումով ետ գնալ մոտ 2 (երկու) տարի, և ճշգրիտ պարզ կդառնա, թե կոնկրետ ո՞ր գործողությունների արդյունքներն են արտահայտված այսօրվա ցուցանիշներում:

Բացառություն են կազմում հարկային և մաքսային վարչարարությունն ու համաշխարհային խորը ճգնաժամային ժամանակաշրջանները, երբ արագ գործողությունները (հատկապես` վարչարարության, ֆինանսական կամ բանկային ոլորտում) կարող են կարճ ժամանակում կտրուկ դրական կամ շատ բացասական արդյունք գրանցել, բայց դրանց ազդեցությունն էլ կարճատև է: Խոսքը չի վերաբերում նաև` բացարձակ անգործությանը: Այս դեպքում զուտ իներցիան է աշխատում (գիտե՞նք՝ ինչ է իներցիան):

Կարճ ասած` եթե այլ հավասար պայմաններում գնահատում ենք 2019 թվականի միջանկյալ ցուցանիշները, պետք է առնվազն երկու տարի ետ գնալ: Աննշան շեղումներով, դրանք հիմնականում 2017-ի կառավարության աշխատանքի արդյունքներն են` ±1-2%-ի տարբերությամբ` ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակելու և արդյունավետ լինելու դեպքում` այդքանով ավելանում է, և` հակառակը:

Նույնը վերաբերում է բոլոր տարիներին, 2018-ը` 2016-ի, 2017-ը` 2015-ի, և այլն: Իմիջիայլոց` ազնիվ կլինի, եթե այս իրողությունը երբեմն հաշվի առնեն այսօրվա դրությամբ քննադատողները նույնպես: Ոչինչ չանելու, կամ տապալման ծրագրերով աշխատողներին անդրադառնալն անիմաստ է, դա այլ պատմություն է: Ընդհանուր առմամբ այս առումով` «Փառք ու պատիվ» Կենտրոնական բանկին (ԿԲ) և նախորդ իշխանության տնտեսական բլոկի երկրորդ և երրորդ «էշելոնից» նշանակված կադրերին (հիմնականում` ոչ այնքան սկզբունքային, բայց գոնե պրոֆեսիոնալ նորմերին հավատարիմ մնացած), որ չեն թողնում վերջնական տապալման ծրագրեր գործի դրվեն այնպես, ինչպես բոլոր այլ ոլորտներում, որտեղ որ նոր, մեղմ ասած` դիլետանտներ են:

Ընդհանրապես` «Հին ռեժիմի կադրեր» տգետ և ապուշ բառակապակցությունը գործածողները չեն էլ ընկալում, որ, եթե, այսպես կոչված, «նորերի» կողքին նրանք չլինեին, ապա այս մեկ տարում երկիր էինք կորցրել ու կործանվել էինք: Ավելորդ չէ տեղեկացնել, կամ թերևս` հիշեցնել նաև, որ միգուցե ֆրանսիացու գնահատմամբ` թերի, իսկ անգլիացու և ամերիկացու գնահատմամբ` անթերի անգլերենով, բայց հայաստանցու գնահատմամբ` անթերի հայերենով` «արժեքների ստեղծում», «թափանցիկություն», «վարչարարության թեթևացում», «կանոնակարգերի պարզեցում և օպտիմալացում» (ոչ թե «օպտիմիզացում»), նաև` ոչ թե «երկարակյաց», այլ «արդյունավետ, ճկուն և իրատեսական համակարգի ստեղծում», և այլն` շատ վաղուց է եղել, և իր ակնհայտ արդյունքներն է տվել: Շարունակեք «PR» անել, հայտարարություններ տարածել և քննարկումներ ծավալել:

Հետգրություն։ Եթե որևէ բանից տեղյակ չես, դա չի նշանակում, որ այն չի եղել, կամ չկա, էլ չեմ ասում` «աննախադեպ» է: Այդ դեպքում ճիշտը դրա մասին լռելն է: Իսկ օդում, հենց այնպես խոսելու, մոլորեցնելու, խաբելու, ստելու կամ դատարկաբանելու նպատակով՝ ինչքան կուզեն` թող խոսեն:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս