«Սա շատ ծանր «հումոր» է՝ ոչ այնքան Դանիել Իոաննիսյանի, որքան՝ Հայաստանի Հանրապետության համար». Աղասի Ենոքյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան հակառուսական ուղղվածության գրառումը բացասական արձագանքներ գտավ փորձագիտական շրջանակներում: Նա մասնավորապես գրել էր. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»:

Քննադատություններին ի պատասխան՝ Իոաննիսյանն արեց մեկ այլ գրառում, որտեղ նշեց, թե «հումոր» է արել. «Քոչարյանի բանտախցի դուռը Պուտինի վրա փակելու հումորս որոշ մարդիկ ու ֆեյքեր նենց ծանր են տարել, որ լրիվ պարզ է դառնում, որ ոմանք փորձում են տպավորություն ստեղծել, թե «Նիկոլը Պուծինից կվախենա ու Քոչարյանին կթողնի»:

Հ.Գ. Չէի պատկերացնում, որ հումորս տենց լյուստրացիայի կհանգեցնի:

Հ.Հ.Գ. Երբ ես Պուտինի դեմ ցույց էի կազմակերպում, Քոչին պաշտպանողներիցդ շատերը նույնիսկ մտքում էիք վախենում իշխանությանը թթու խոսք ասել»:

Վերոնշյալի հետ կապված՝ 168.am-ը զրուցեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ: Վերջինս նկատեց՝ Դանիել Իոաննիսյանը՝ որպես անհատ, հասարակական ակտիվիստ, անգամ որպես քաղաքական գործիչ՝ կարող էր իրեն նման արտահայտություն թույլ տալ, որը, ըստ նրա՝ հստակ հակառուսական արտահայտություն է: Բայց Իոաննիսյանը, ըստ քաղաքագետի՝ պետք է հաշվի առնի, որ ըստ էության այս հեղափոխության առաջնորդներից է, և նրա ամեն մի խոսքը դիտարկվում է հենց այդ համատեքստում՝ որպես հեղափոխության առաջնորդի ասած խոսք:

«Ավելին, վերջերս նրա կազմակերպությունը ՀՀ բյուջեից ստացել է դրամաշնորհ, որպեսզի Արցախի Հանրապետությունում իրականացնի ընտրությունների մոնիտորինգ: Սա կրկնակի, եռակի պատասխանատվություն է դնում նրա վրա, որովհետև ստացվում է, որ հակառուսական կազմակերպության ղեկավարը ֆինանսավորվում է Հայաստանից, որպեսզի Արցախում մոնիտորինգ իրականացնի: Եթե նա «Սորոսից» էր ֆինանսավորվում, հասկանալի էր, բայց երբ ֆինանսավորվում է Հայաստանից, դա ցույց է տալիս, թե ինչպիսի մոտեցում ունի Հայաստանը: Այդ հակառուսական կազմակերպությունը գնում է Արցախ՝ մոնիտորինգ իրականացնելու, և սա հստակ ցույց է տալիս, թե այդ կազմակերպությունն այնտեղ ինչպիսի դիրքորոշումներով է հանդես գալու: Ընդ որում՝ հաշվի առեք, որ Արցախից նրանց չեն հրավիրել, ոչ ոք չի խնդրել, որ նրանք գնան»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Նա նկատեց՝ նախ՝ նման բան առաջին անգամ է լինում, որ կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են «Սորոսից» և այլ ֆոնդերից, ֆինանսավորվեն նաև պետության կողմից.

«Եվ երկրորդ՝ առաջին  անգամ է լինում, որ Հայաստանն Արցախում իրականացնի մոնիտորինգ: Եվ այս ամենի մեջ տեսնում ենք, որ դա հակառուսական ուղղվածության կազմակերպություն է՝ այն դեպքում, երբ Ռուսաստանն Արցախյան հարցում համանախագահող երկիր է: Այսինքն՝ սրանով ցույց ենք տալիս մեր վերաբերմունքն այդ համանախագահին: Ես կարծում եմ, որ սա՝ որպես պարզ գրառում, կամ, ինչպես նա է ասում՝ հումոր դիտարկելը շատ պարզունակ կլինի: Ամեն դեպքում, սա շատ ծանր «հումոր» է՝ ոչ այնքան Դանիել Իոաննիսյանի, որքան՝ Հայաստանի Հանրապետության համար»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ի նիստում կառավարությունը որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 33,68 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին: Այդ գումարից 16.200 միլիոն դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է  «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հ/կ-ին, 17.400 միլիոն դրամը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին», որպեսզի այս կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

168.am-ը պարզաբանում էր խնդրել ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թե ինչու են հենց այս երկու կազմակերպություններն ընտրվել: Այնտեղից պատասխանել էին, որ հաշվի են առնվել մի շարք չափորոշիչներ:

Տեսանյութեր

Լրահոս