Ինչո՞ւ են ընտրվել հատկապես այդ երկու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները. Կառավարության պարզաբանումը

Կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 33,68 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին:

Այդ գումարից 16.200 միլիոն դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է  «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հ/կ-ին, 17.400 միլիոն դրամը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»:

Սա այն գումարն է, որով նշյալ երկու հասարակական կազմակերպությունները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

Հաշվի առնելով, որ այս երկու կազմակերպությունների ընտրության շուրջ հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում կարծիքները միանշանակ չէին, և օբյեկտիվորեն հնչում էր հարցը, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հատկապես այս երկու կազմակերպությունները, 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հատկապես այս երկու կազմակերպությունները» և «Ի՞նչ սկզբունքով է հաշվվել տրամադրվող դրամաշնորհի չափը: Ի՞նչ ծախսեր են նախատեսված» ՝ մեր հարցերին ի պատասխան՝ ստացանք ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի գրավոր պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Արցախում սեպտեմբերի 8–ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ղիտորդական առաքելություն իրականացնելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հ/կ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին դրամաշնորհ հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ։

Մասնավորապես, հաշվի են առնվել կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմակերպման երկար տարիների փորձը, որոնք հանգուցային դեր են զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Հաշվի է առնվել նաև այն, որ կազմակերպությունների կանոնադրական նպատակներից է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացումը, դրանց որևէ կուսակցության կամ քաղաքական հոսքի չսատարումը, կազմակերպությունների ղեկավար մարմինների որևէ կուսակցության անդամ չլինելը, հ/կ-ների այլ պետություններում առնվազն երկու տարբեր համապետական ընտրություններին իրականացրած դիտորդությունը, վերջիններիս մոտ դիտորդական առաքելություն իրականացնելու մեթոդաբանության առկայությունը, ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման փաստը, դիտորդական առաքելությունների իրականացման գործում այլ հ/կ-ների հետ համագործակցությունը և այլն։

Նշենք նաև, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիտորդական առաքելություններն իրականացնում է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունների շրջանակում աշխատելով այլ հ/կ-ների հետ համագործակցությամբ։

«Ականատես» դիտորդական առաքելության անդամներն են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդական առաքելության գործընկերն Արցախում լինելու է «Քաղաքացիական հաբ» նորաստեղծ հասարակական կազմակերպությունը։

Միաժամանակ, հայտնում ենք, որ դրամաշնորհները տրամադրել են ըստ կազմակերպությունների ներկայացրած նախահաշիվների, որոնց արժեքը համընկնում է նախկինում տրված նմանատիպ դրամաշնորհների հետ։

Կից ներկայացվում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դրամաշնորհային առաքելության ծախսերի նախահաշիվը, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հ/կ-ի նախահաշիվը հրապարակվել է սոցիալական ցանցում»։

Ուշագրավ է կառավարության պնդումը, թե՝ դիտորդական առաքելություն իրականացնող սույն կազմակերպությունների ընտրության սկզբունքերից մեկը եղել է «որևէ կուսակցության կամ քաղաքական հոսքի չսատարումը»: Դատելով իրենց իսկ կողմից թվարկված կազմակերպությունների հետ համագործակցող անունների ցանկից, ակնհայտ է, որ նրանց մեծ մասը, եթե ոչ՝ բոլորը, հստակ կողմնորոշմամբ ակտիվորեն սատարել են այսօրվա իշխանություններին, և լուրջ դերակատարում են ունեցել 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձությունների ժամանակ:

Զարուհի Դիլանյան 

Տեսանյութեր

Լրահոս