Սոնա Աղեկյանն իր և թիմակիցներին հետապնդելու ու ճնշելու վերաբերյալ նամակ հանձնեց ԵՄ գրասենյակին

Երևանի ավագանու նախկին անդմա Սոնա Աղեկյանն ու իր համախոհներն այսօր նամակ հանձնեցին Հայաստանում  ԵՄ գրասենյակին՝ ներկայացնելով իրենց իրավունքները ոտնահարելու մասին տեղեկատվություն։

«Երեկ դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ այսօր պետք է նամակ հանձնենք Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկուն։ Այսքանով կսահմանափակվենք, եթե նրանք էլ չկարողանան միջնորդ հանդիսանալ, որպեսզի մեր երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորվի, և բռնապետական ռեժիմը չթելադրի, թե քաղաքացին ինչ պետք է անի, ապա կմտածենք՝ հետագայում ինչ անենք»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում գործում է բռնապետական ռեժիմ, քանի որ օրենսդիր և գործադիր մարմինները, քաղաքային իշխանությունները ղեկավարվում են մեկ անձի միջոցով։ Ուստի, եթե կան խնդիրներ ու թերացումներ, որոնց մասին իրենք բարձրաձայնում են, ապօրինի բերման են ենթարկվում։

«Մեզ տանում են ոստիկանական բաժանմունք, որտեղ ոստիկաններն այնքան ողբալի վիճակում են, ժամերով սպասում են՝ մինչև վերևից իրենց զանգահարեն, որպեսզի իրենք հասկանան, թե ինչ պետք է գրեն զեկուցագրի մեջ։ Երբ հարցնում ենք, թե մեզ ինչու են բերման ենթարկել, պատասխանում են, թե ոստիկանի օրինական պահանջը չենք կատարել։ Մեկ եզրակացություն կա այս ամենին՝ բռնապետական ռեժիմը փորձում է մեզ լռեցնել, բայց ամեն ինչ մենք պատվով հաղթահարելու ենք և հասնելու ենք այն բանին, որ Հայաստանում չլինի միահեծան իշխանություն»,- շեշտեց Սոնա Աղեկյանը։

Նա նշեց, որ ակնկալում են, որ իրավիճակի վերաբերյալ ԵՄ երևանյան գրասենյակը կտա ադեկվատ պատասխան։

Նա նաև փոխանցեց, որ իրեն և թիմակիցներին իշխանությունները հետապնդում են, ճնշում, փորձում են լռեցնել, դրա համար օգտագործելով «օսիպյանական ոստիկաններին», բայց նրա խոսքով՝ ոչնչի չեն կարող հասնել, քանի որ 37 թվականը չէ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս