«Ցավոք սրտի, ունեցանք զոհ ու վիրավոր, դրա համար էլ արձագանքը եղավ լայն հանրության կողմից». Արտակ Դավթյան
Վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում առկա լարվածությանը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար միջադեպեր գրանցվում են։ Հարցին՝ հայկական կողմից ինչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյանը պատասխանեց. «Ոչ պակաս, քան համարժեք»։
Դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաև հայ-ադրբեջանական սահմանին, Արտակ Դավթյանն ասաց, որ արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են:
«Հայ-ադրբեջանական հատվածում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, պարզապես այդ միջադեպերից զոհեր, վիրավորներ չէին լինում, դրա համար արձագանքը, որպես այդպիսին, չէր լինում: Ցավոք սրտի, ունեցանք զոհ ու վիրավոր, դրա համար էլ արձագանքը եղավ լայն հանրության կողմից»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը»,- ասաց նա։
ԳՇ պետը շեշտեց, որ շփման գծում ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները: «Լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի, Գեղարքունիքի մարզերի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո ունենում ենք նվազում կամ կրակոցների դադարում:
Պետք է հասկանանք, որ շփման գիծն օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է և ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում: Երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»,- ասաց դավթյանը։
Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետը դրական պատասխան տվեց: «Օպերատիվ կապն օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապվում ենք, կոնկրետ այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապի արդյունք է»,- շեշտեց Դավթյանը։