Կան կանայք, որոնք բերման ենթարկվածների մեջ ընդհանրապես բարեկամներ չունեն, բայց պահանջում են ազատ արձակել
Տավուշի մարզպետարանում հրավիրված փակ խորհրդակցությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ մանրամասներ հայտնեց լրագրողներին:
Նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարների կողմից առաջարկվել է, որպեսզի պետությունը կարգավորի փայտի հավաքման գործընթացը:
«Այսինքն՝ քաղաքացիներն անտառ չմտնեն, պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի այդ թափուկ փայտը, անտառից դուրս հանի և համայնքի ղեկավարների կամ մարզպետարանի միջոցով բաժանվեն մեր քաղաքացիներին»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ ՀՀ բոլոր անտառապատ տարածքներում իրականացվել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր:
«Միայն ԱԱԾ-ի կողմից 10 քրեական գործ է հարուցված ապօրինի անտառահատումների հետ կապված: Ներգրավված են նաև մի շարք պաշտոնատար անձինք: Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր: Քննչական կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց: Գործերն ուղարկվել են դատարան: Անուններն ու պաշտոնները ես ֆիզիկապես չեմ կարող հիշել: Բիզնեսի տերերը բացահայտվելու են: Խորը քննություն է տարվելու, բոլոր գործերը բացահայտվելու են»:
ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ ասաց. «Այս պահին բողոքող քաղաքացիների մեջ կան կանայք, որոնք բերման ենթարկվածների մեջ ընդհանրապես բարեկամներ չունեն, բայց ասում են՝ միգուցե իմ բարեկամը լինի, ու պահանջում են ազատ արձակել: Ես դա համարում եմ ուղղորդված»:
Ներկա կանանցից մեկն էլ, թե՝ «Եթե մեր հարազատները չեն, ուրեմն մեր ընկերներն են, ոչ մի տարբերություն»:
Ոստիկանապետը հայտնեց, որ վնասվածք ստացած 11 ոստիկանները դեռ չեն վերադարձել աշխատանքի:
Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջևանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Անի Կարապետյան