Բաժիններ՝

«Կանոնակարգեք խնդիրը, կամ գործատեղ ստեղծեք, ո՞վ ա ասում, թե շան տանջանքով փողն ուտելուց էդ իջևանցիք  միլիոնատեր են դառնում». Իջևանցիները հակադարձում են Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան՝  կառավարության նիստից առաջ արված իր ֆեյսբուքյան գրառման մեջ ակնարկել է, որ  Իջևանում երեկվա միջադեպի մեղավորները միայն մասնակիցները չեն, ապօրինի ծառահատումները  կազմակերպիչներ ունեն:

Վարչապետի գրառման մեջ,  մասնավորապես, ասվում է՝ «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»:

Իջևանի բնակիչները  պնդում են, որ ոստիկանության ծառայողների հետ երեկվա բախումները միայն մի պատճառ ունեն. մարդիկ, ասում են նրանք, «անտառներում իրենց համար ապրուստի միջոց են ճարում, սոված են, հացի խնդիր ունեն»:

Իջևանցիները համոզված են, որ երեկվա միջադեպից իշխանության հետևությունները սխալ շեշտադրումներով են արվել:  Ասում են՝ երկրի ղեկավարը միջադեպը  պետք է դիտարկեր սոցիալական խնդիրների տեսանկյունից, այլ ոչ թե՝ մասնավորի շահի:

«Երեկվա ծեծկռտուքի մեջ ընկածները բանվոր մարդիկ էին,  հիմնականում էն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում իրենց ընտանիքներն էդ ձևով են պահել, որ գոյատևեն, ստեղ ապօրինի ծառահատումների  կազմակերպիչներ  փնտրելու կամ բանդայի տերերին որոնելու իմաստը չկա: Բարդ բաներից մի խոսեք»,- 168.am-ի հետ զրույցում կազմակերպիչների մասին վարչապետի հայտարարությանն արձագանքում են երկրի ղեկավարի համերկրացիները:

«Հնացած բաներ են ասում, տեղյակ չեն, էսքան տարիներ շատ բան ա փոխվել փայտի գործ անողների համար: էդ շատ վաղուց էր, որ գյուղերից հավաքվում-գնում էին,  ինչ-որ մեկի համար էին ծառեր կտրում, հիմա տենց բաներ չկան: Փայտի գործ անողները թափուկներն են տանում, որ վաճառեն՝ հաց ուտեն: Գողություն ենք անում բնությունից, որ մի ճար անենք, իսկ ինչո՞ւ չեք այլընտրանք առաջարկում, ինչո՞ւ մի գործատեղ չի ստեղծվում այսքան ժամանակ»,- հարցադրումով կառավարությանն են դիմում վարչապետի համերկրացիները՝ ընդգծելով, որ  իջևանցի Նիկոլին սատարում էին հեղափոխության ժամանակ, որ առաջինն իրենց՝ իջևանցիների խնդիրներին լուծում տա:

Առավոտից ոստիկանական զորքերի շարժերին հետևող իջևանցիները  դժգոհում են քաղաքում  լարված մթնոլորտից:  Ասում են՝ «Գիշերվա 4-ից տղամարդկանց մայկա- տրուսիկներով տարել եք ոստիկանության  6-րդ վարչություն, էդքանին լցրել էնտեղ, որ ումի՞ց հարցաքննեն, ո՞ւմ մեղավոր հանեն: Դուք էլ գիտեք՝ մեղավորը պետությունն է, որ իր բնակչի հոգսի տակ չի մտնում, կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակչին իր հողին պահելու համար  աշխատատեղ չի ստեղծում»,- ասում է իջևանցիներից  մեկը:

«Ասֆալտի վրա թանկ կաֆեներ  նստողները,  որ տենց մեծ-մեծ խոսում են, թե՝ ապօրինի ծառեր մի հատեք, գոնե գիտե՞ն, որ թեման հիվանդ ծառերի թափուկներին ա առնչվում: չկանոնակարգված դակումենտի պահանջ ա, տուգանք ա դառնում: Էդ բրենդային շորեր հագնողները գիտե՞ն, թե ինչ ծանր ու դաժան գործ ա ծառ կտրելը, իսկական փորձանքի բուն:  Իջևանի անտառներում  էս տարիներին ավելի շատ զոհ ենք ունեցել, քան կողքի դիրքերում՝ կրակոցից, էնքան ա պատահել, որ ծառն ընկել ա մարդու վրա՝ մարդը մահացել ա, ճանապարհ չկա,  ձորերում բարձած ավտոներ են շուռ եկել:  Էսօր չկա մեկը, որ հաճույք ստանա ծառ կտրելուց,  մարդիկ կիլոմետրերով ոտքով գնում են, էդ հիվանդացած ծառերը կտրում, 400 մետրանոց հաստ «տռոսներով» գցում-կապում, ձորերից քաշում հանում են, սաղ օրը կտրտում, բարձում մեքենաները,  հանում են ձորերից դուրս, մեկ էլ՝ ահա, ոստիկանը կանգնեցնում ա, ասում՝ տանջանքդ  վեջըս չի, պիտի տուգանենք:  Ինչի՞, այ ախպեր ջան, որ հացս կտրես, սովից մեռնենք, հա՞: Կանոնակարգեք խնդիրը, կամ գործատեղ ստեղծեք, ո՞վ ա ասում, թե շան տանջանքով փողը ուտելուց էդ իջևանցիք  միլիոնատեր են դառնում»:

Հիշեցնենք,  երեկ՝  հուլիսի 17-ին, երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի ընթացքում բախում է եղել, և ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Տասնյակից ավելի  ձերբակալվածներ կան, որոնց մեջ երևանցի մի ուսանող կա նաև, ով երեկ  հյուրընկալվել էր իջևանցի բարեկամին  և միջադեպի ժամանակ ներկա էր գտնվել դեպքի վայրում:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս