«Անկեղծորեն զարմացած եմ գործող կառավարության անդամի նման հայտարարությունից. օդանավակայնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել է «նախկինների» կողմից». Ռոբերտ Հայրապետյանը՝ Սուրեն Պապիկյանին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԲԱՑ ՆԱՄԱԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ.
Հարգելի Սուրեն Պապիկյան,
Լսեցի Ազգային ժողովի ամբիոնից հնչող Ձեր ելույթը, որտեղ անթաքույց հպարտությամբ խոսում էիք կառուցման փուլում գտնվող Կապանի օդանավակայանի մասին, և որ ամենակարևորն է, կրկնապատիկ հպարտությամբ այն փորձում էիք ներկայացնել որպես գործող կառավարության առանցքային ձեռքբերում։
Անկեղծորեն զարմացած եմ գործող կառավարության անդամի նման հայտարարությունից։
Կառավարություն, որի անդամների բոլոր տեքստերում կարմիր թելով անցնում է ժողովրդին չստելու և բաց ու թափանցիկ աշխատելու թեզը։
Երբ 2017-ի փետրվարին ստանձնեցի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խորհրդականի պաշտոնը, օդանավակային վերագործարկման հարցը քննարկումների փուլից արդեն անցել էր պրակտիկ միջոցառումների փուլի։ Եվ ընդամենը մեկ ամիս հետո Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և ԶՊՄԿ աջակցությամբ սկսվեց շինարարական լայնածավալ աշխատանքները, որի մեկնարկն ի դեպ, ազդարարվեց համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակով։
Հարգելի պարոն Պապիկյան,
օդանավակայնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել է «նախկինների» կողմից, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, Ձեր կողմից այն քննարկվում է՝ համեմվելով «հեղափոխական» հորինվածքներով։
Առնվազն կոռեկտ չէ, երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնից, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից նման ինքնիրավ հայտարարություն անելը, որը ոչ միայն պատիվ չի բերում «համաժողովրդական սեր վայելող» իշխանությանը, այլև ազնիվ կեցվածք չէ քայլ արած ժողովրդի հանդեպ։
Պարոն նախարար,
ավելի ազնիվ կլիներ «նախկիններին» փնովելու Ձեր կառավարության գործելաոճին միաձուլեիք նաև նախորդների կատարած լավ գործերրի մասին բարձրաձայնելու գործելաոճը, և առանց կանխակալ բայցերի։
Բեղմնանվոր աշխատանք եմ մաղթում Ձեզ օպտիմալացված կառավարության կազմում և հույս հայտնում, որ ձեր իսկ կատարած գործերի մասին կրկնապատիկ հպարտությամբ խոսելու առիթներ դեռ կունենաք»։