Բաժիններ՝

Քաղաքապետարանը 2165.15 քմ տարածքի վարձավճարի ձևական մրցույթ է անցկացրել

Քաղաքապետ Հայկ Մարությանը 2019թ. ապրիլի 29-ին ստորագրել էր վարձակալության մրցույթ կազմակերպելու որոշում, որով նախատեսվում էր 35-50 մ բարձրության վրա ռեստորանի տեղադրման համար 3 տարի ժամկետով վարձակալության տալ Արշակունյաց պողոտա հ. 28/27 5-րդ գոտի հասցեում գտնվող շուրջ 2165.15 քմ ընդհանուր մակերես ունեցող տարածքը։ Մրցույթի որոշման մեջ նշված էր վարձավճարի տարեկան մեկնարկային չափը՝ 4.800.000 դրամ։

Մայիսի 18-ին «168 Ժամը» տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն, որում մասնավորապես նշվում էր. «Տարածքի համար հայտարարված մրցույթում արդեն կա՞ն արդյոք մասնակցության հայտ ներկայացրած դիմումատուներ և նախագծեր»։

Մինչ մեր հարցման պատասխանը կստանայինք, լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ նշյալ հասցեում հունիսի 20-ից գործելու է ճախրող ռեստորան։ Նախագծի հեղինակն Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված ACE ընկերությունն է:

Վերջինին հաջորդեց նաև քաղաքապետարանի պատասխանը, որով տեղեկացնում էին, որ Արշակունյաց պող. հ.30/1 հասցեում (Կոմիտասի անվան զբոսայգու տարածքի նախկին դելֆինարիումի տեղում) 50-55մ բարձրության վրա ռեստորանի կազմակերպման նպատակով Երևանի քաղաքապետի որոշումով հայտարարված վարձակալության մրցույթին մասնակցելու համար ներկայացված է եղել և մասնակցել է ընդամենը մեկ հայտ.

«Մրցույթը կայացել է 30.05.2019թ.-ին: Միակ հայտ ներկայացրած և մրցույթում հաղթած ընկերությունն «Էյ Սի Ի Գրուպ» ՍՊԸ-ն է»։

168.am-ը որոշման մասին մեկնաբանություն խնդրեց նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից։

«Հասկանալի էր, որ ի սկզբանե եղել է գաղափարը՝ այդ օբյեկտը ստեղծելու, այնուհետև՝ գաղափարի հիմքով և համապատասխան պարամետրերով հայտարարվել է մրցույթ»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե կարո՞ղ ենք հայտարարված մրցույթը համարել ֆորմալ մրցույթ՝ հաշվի առնելով, որ մասնակցելու հայտ ներկայացրել է ընդամենը մեկ ընկերություն, Խաժակյանը հաստատեց՝ «Այո»։

Իսկ այս ընթացքում բացվում է ճախրող ռեստորանը…

Եվ ահա հունիսի 19-ին Երևանում պաշտոնապես բացվեց Dine Sky-ը՝ ռեստորան երկնքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր հետ, ինչպես նաև պաշտոնատար անձինք: «Dine Sky-ը ճախրող ռեստորան է (ընթրիք երկնքում), որտեղ կարող են այցելել սուր զգացողությունների սիրահար ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը»,- նոր նախագծի մասին երեկ գրում էին ԶԼՄ-ները։

Երեկ մեկնարկած նախագծի մասին հաղորդագրություններում և ԶԼՄ հրապարակումներում կարդում ենք.

«Ճախրող ռեստորանը ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Կառուցվածքի բոլոր էլեմենտները գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ: Հայաստան ուղևորվող ռեստորանը անցել է 10 տոննայի հավաստագրում բոլոր հանգույցների համար: Դա նշանակում է, որ դրանք կարող են մինչև 10 տոննա ծանրություն կրել:

Ռեստորանը պատրաստվում է Դուբայում ACE ընկերության կողմից: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները: Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը: Ռեստորանը երկինք բարձրացնելու և հյուրերի ընթրիքը երկնքում անվտանգ ապահովելու համար Հայաստան է բերվել 150 տոննա ամբարձունակությամբ մոբայլ ամբարձիչ կռունկ: Ռեստորանը կախվել է 45-50 մ բարձրության վրա: Ամբարձիչ կռունկի անվտանգության համակարգը կառավարվում է գերմանական Hirschmann-ի արտադրության սարքավորումներով: Երևանում ճախրող ռեստորանը տեղակայվել է Արշակունյաց պողոտայի վրա (Արշակունյաց 30/1): Այն պտտվում է 360 աստիճանով, և բոլոր հյուրերը հավասարապես կկարողանան հիանալ թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ Արարատյան դաշտավայրի ու Արարատի տեսարաններով: Տոմսի գումարի մեջ ներառվում է նաև ուտելիքը: Մենյուն նախապես պատվիրվում է, ոչ ալկոհոլային խմիչքն անվճար է»:

Ընկերության ներկայացուցիչը ԶԼՄ-ների հետ զրույցում նաև տեղեկացրել էր, որ Dine Sky-ը նախատեսված է 22 հոգու համար, սակայն պարտադիր չէ, որ բոլոր տեղերը լրանան՝ ռեստորանից օգտվելու հնարավորություն ստանալու համար։ Մեկ անձի համար նախատեսված 20 000 դրամ արժեքը ներառում է գլխավոր ուտեստի, աղցանի, աղանդերի և խմիչքների գինը, բացի ալկոհոլայինից:

Մի կողմ թողնելով, որ նման հսկայական մակերեսով տարածքը նման ցածր գնով է վարձակալության տրվել, այնուամենայնիվ հատկանշական է, որ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությանը հողամաս տրամադրելու և հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր կնքելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ էր նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշում, ինչը, համաձայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, կատարվել է 11․06․2019թ․՝ 1925-Ա թվագրմամբ որոշումով։ Բայց սա ևս դեռ բավարար չէ, որպեսզի հաղթողը կարողանա տնօրինել տվյալ տարածքը, քանի դեռ վարձակալության պայմանագիրը չի ստացել նոտարական վավերացում, և անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում չի կատարվել պետական գրանցում։

Մինչդեռ փաստենք, որ դեռևս քաղաքապետի համապատասխան որոշումը կայացնելուց տևական ժամանակ առաջ երևանցիներն արդեն իսկ արձանագրել էին Արշակունյաց պողոտայի վերոնշյալ տարածքում տվյալ ճախրող ռեստորանի առկայությունը, ինչը, մեղմ ասած, մտորելու տեղիք է տալիս, որ այդուամենայնիվ նախապես հայտնի է եղել, որ հենց տվյալ ընկերությունն է մասնակցելու և հաղթելու հայտարարված մրցույթում։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս