«Սոցիալական արդարության բաղադրիչը տեղափոխում ենք գույքի հարկման ռեժիմ»
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Ըստ նախագծի՝ ներկայումս շենքերի, շինությունների կադաստրային գնահատումն իրականացվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված շենքերի, շինությունների գնահատման կարգերի համաձայն, որոնք մշակվել են 2000-2002 թվականների անշարժ գույքի շուկայի վերլուծական տվյալների հիման վրա, և նշված կադաստրային գնահատման կարգերով սահմանված շենքերի, շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման բանաձևերում կիրառվում են այդ վերլուծությունների արդյունքում ձևավորված բազային արժեքները, շինությունների որակական ու քանակական բնութագրիչների գործակիցների մեծությունները:
Իսկ հողամասերի կադաստրային գնահատությունը հարկման նպատակով իրականացվում է 1994-2002 թվականներին ընդունված ՀՀ կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերի համաձայն: Արդյունքում՝ գործող կարգերով հաշվարկված շենքերի, շինությունների և հողամասերի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը, և դրանք խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից:
ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անշարժ գույքի հարկը, ըստ որի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում հողամասերը և (կամ) դրանց բարելավումները, և ըստ էության, հարկային օրենսգրքի կիրարկմամբ առաջնահերթություն է տրվում անշարժ գույքի «հող» բաղադրիչին:
Միաժամանակ ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 228-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ շենքերի, շինությունների և հողամասերի գործող կադաստրային արժեքներն ու հաշվարկային զուտ եկամուտները համարվում են անշարժ գույքի հարկով հարկման բազա մինչև անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը, որի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվելու անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի անշարժ գույքի հարկը հաշվարկելու անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից, և կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը:
Նա նշեց, որ խոսքը չի վերաբերում գյուղատնտեսական հողատարածքներին, իսկ գնահատումը կատարվելու է երեք ձևով՝ հողամաս, հողամասը՝ իր բարելավումներով, բազմաբնակարան շենքեր, ոչ բնակելի տարածքներ, ավտոտնակներ, արտադրական օբյեկտներ և այլն: Ս.Պետրոսյանի խոսքով՝ առանձնատների մասով հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները՝ լողավազան, թենիսի կորտեր, շվաքարաններ և այլն: Նոր հարկման բազան գործելու է 2021թ. հունվարի 1-ից:
«Սա այն երկար քննարկված փոփոխությունների մասին է, երբ մենք եկամտային հարկի կամ Հարկային օրենսգրքի փոփոխության համատեքստում, այսպես ասած, սոցիալական արդարության բաղադրիչը տեղափոխում ենք գույքի հարկման ռեժիմ: Սա շատ կարևոր գաղափարախոսական նշանակություն ունի»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, իհարկե, սրանով ամբողջ աշխատանքը չի ավարտվում, այն դեռ պետք է շարունակվի. «Բայց կարևոր հանգրվան է, որ Ազգային ժողով նախագծի փաթեթ է ուղարկվում»: