«Ուշ թե շուտ Վիտալի Բալասանյանը պետք է թողներ պաշտոնը». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերաբերյալ պետք է ցուցաբերել համբերատարություն։
Ըստ նրա՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնաթողությունն էլ չպետք է զարմանք առաջացներ հանրության շրջանում, քանի որ բոլորն էլ պետք է հասկանային, որ ուշ թե շուտ նա պետք է թողներ պաշտոնը՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
«Մենք կրկին տեսնելու ենք նոր մարդկանց, որոնք մտնելու են քաղաքական պայքարի մեջ, և այս ամենի մեջ պետք է ցուցաբերել համբերատարություն։ Կարծում եմ՝ Հայաստանն ունի այն գիտակցությունը, որը պետք է ինչ-որ ձևով օգնի, որպեսզի քաղաքական նախընտրական գործընթացները ճիշտ ձևով ընթանան՝ այն ժողովրդավարական ինստիտուտների միջոցով, որով մեզ մոտ միշտ տեղի է ունեցել։
Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, ուրեմն պետք է գիտակցի և այս պարտավորությունը ևս ստանձնի»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին Վիտալի Բալասանյանի մասնակցությանը, Թևան Պողոսյանը վստահեցրեց՝ ուշ թե շուտ նա այդ մասին հայտարարելու է և երկար գաղտնի չի պահելու։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է աջակցի Արցախում կայանալիք ընտրություններին, իսկ այդ ընտրությունների քաղաքական գնահատականը կտան Արցախում եղած քաղաքական ուժերը։
Հարցին՝ նախագահական ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն այնպիսի տպավորություն է, որ հնարավոր թեկնածուները շտապում են, ինչո՞ւ է այդպես, Թևան Պողոսյանը նկատեց՝ երբ հայտարարվում է, որ Արցախի գործող նախագահն այլևս թեկնածությունը չի առաջադրելու, գործելու դաշտ է ձևավորվում, ուստի դրան պետք է պատրաստվեն։
Զվարթ Խաչատրյան