Բաժիններ՝

«Այնքան են գյուղացուն խաբել, որ դժվար թե ապահովագրությանը մոտ գնա». «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը՝ գյուղատնտեսական ապահովագրության մասին

Մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելութ էր ունեցել՝ ասելով.

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր ենք ներդնում, որն իրականացվելու է 6 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք և Վայոց ձոր: Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները՝ որպես մեկնարկ: Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ: Ի՞նչ է ասում կառավարությունը: Կառավարությունը գյուղացուն ասում է՝ հարգելի գյուղացի, եթե դուք ապահովագրությունը գնեք, կառավարությունը ձեր ապահովագրության 50 տոկոսը կսուբսիդավորի: Այսինքն՝ ինչ ապահովագրություն դուք գնեք, 50 տոկոսի փողը կառավարությունն է տալիս»:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ ապահովագրությունը լավ է, բայց գյուղացին վաղուց կորցրել է հավատը:

«Ապահովագրությունն ընդհանրապես լավ բան է, բայց վերջին տարիներին այնքան են գյուղացուն խաբել, որ դժվար թե ապահովագրությանը մոտ գնա:  KfW գերմանական վերականգնման վարկերի բանկի հետ ծրագիր են իրականացնում՝ 3 կամ 5 տարով, ու նպաստում են, որ Հայաստանում կայանա գյուղատնտեսական ապահովագրությունը: Մինչև ծրագրի վերջը սա կաշխատի, բայց հենց ծրագիրն ավարտվեց՝ նույն ապահովագրությունն էլ կվերջանա: Ժողովրդական մի խոսք կա. քամին ասում է՝ մարագ, դուռդ բաց, դարման բերեմ-լցնեմ: Մարագն ասում ՝ դու իմ  դարմանը մի տար, քո բերածը քեզ մնա: Այսինքն, ասում են՝ գյուղացի՛, ամիսը, օրինակ, 1000 դրամ տուր ապահովագրության համար, երբ որ մի կարկուտ, աղետ կլինի, 20.000, 50.000 դրամ կվերադարձնենք: Գյուղացին ասում է՝ թող իմ 1000 դրամը մնա իմ գրպանում, ինձ պետք չէ: Այսպես են պատասխանում, որովհետև չեն հավատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը:

 

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս