Անդրանիկ Քոչարյանը խնդիր չի տեսնում, որ ժամանակին Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարել Արմեն Սարգսյանին

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդիր չի տեսնում, որ ժամանակին Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ է համարել Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելը, և այժմ այդ «ոչ լեգիտիմ» նախագահի կողմից ՍԴ դատավոր է առաջադրվել:

«Դա ոչ մի դատարանում բողոքարկված չի, այժմ Արմեն Սարգսյանը ներկայացրել է դատավորի թեկնածու, որը Վահե Գրիգորյանն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ա.Քոչարյանը:

«Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել՝ իր ապրած կյանքով, իր գիտելիքներով, մարտի 1-ի տուժողների, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել: Դրա համար փորձել են չեզոքացնել: Այս պահին որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել նրա թեկնածությունը: Կարծում եմ՝ շատ կարևոր գործընթաց է, այդ տեսակը պետք է տնօրինի իր բարոյական նկարագրով մեր դատական համակարգը»,- ասաց Քոչարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը կասկածելի են որակում ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության լեգիտիմությունը:

«Վահե Գրիգորյանն իր հարցազրույցներում ոչ լեգիտիմ է որակել գործող նախագահի լեգիտիմ լինելու հանգամանքը: Եվ եթե առաջնորդվենք այս հանգամանքով, ստացվում է՝ ոչ լեգիտիմ նախագահն առաջադրել է լեգիտիմ թեկնածուի՞»,- ասաց Էնֆիաջյանը:

Ի.Տոնոյանն իր հերթին՝ հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Վ.Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանին համարում էր «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ»:

Տեսանյութեր

Լրահոս