«Առնվազն անհասկանալի գործելաոճ է». Իվետա Տոնոյանը՝ վեթինգի մասին առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնելու մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հայ Ազգային կոնգրես կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու փաստը դիտարկում է հասարակության մեջ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորման պատճառահետևանքային կապի մեջ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Տոնոյանը նշեց, որ որևէ բռնություն մերժելի է:
«Ցանկացած տեսակի բռնության դրսևորում չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը»,- ասաց Ի.Տոնոյանը:
Նա հույս հայտնեց, որ հետագայում անհանդուրժողականությունը հնարավոր կլինի հարթել՝ առանց բռնություն կիրառելու:
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ օրենքի առջև բոլորն են հավասար, և տեղի ունեցածը պետք է դիտարկել այս տիրությում:
Անդրադառնալով վեթինգի գործընթացին՝ Ի.Տոնոյանը նշեց, որ այն պետք է իրականացվի բացառապես օրենքի շրջանակներում և կրի քաղաքակիրթ բնույթ:
Ըստ նրա՝ անակնկալ էր լսել, որ վեթինգի աշխատանքները մի քանի ամսից ավելի արդեն իրականացվում են, և դա լսել խորհրդարանական ամբիոնից: Նա տարօրինակ համարեց իշխանական գործընկերների կոչը՝ վեթինգի մասին առաջարկություններ ներկայացնել մեկշաբաթյա ժամկետում այն պայմաններում, երբ իրենք որևէ նախագիծ չեն տեսել. «Առնվազն անհասկանալի գործելաոճ է»: