Ռադան հրաժարվեց քննարկել նախագահի իմպիչմենտի մասին Զելենսկու նախագիծը
Գերագույն ռադան հրաժարվել է քննարկել պետության ղեկավարի իմպիչմենտի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օրինագիծը: Փաստաթուղթը խորհրդարանական նստաշրջանի օրակարգ մտցնելու օգտին քվեարկել է 110 պատգամավոր՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում։
Զելենսկին նախագահի իմպիչմենտի մասին օրինագիծը Ռադային էր հանձնել մայիսի 29-ին. դա նրա նախընտրական արշավի կետերից մեկն էր, որոնց թվում է նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունը հանելու եւ ապօրինաբար հարստանալու համար պատժելու վերաբերյալ օրենքը:
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, նախագահին կարող են իմպիչմենտ հայտարարել, եթե նա պետական դավաճանություն կամ այլ հանցագործություն է կատարել: Ընթացակարգը ենթադրում է Ռադայում ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ստեղծում, որի եզրակացությունները քննարկվում են խորհրդարանի նիստում:
Այս հանձնաժողովի եզրակացության հիման վրա Ռադան սկզբում 226 ձայնով որոշում է ընդունում նախագահին մեղադրանքներ առաջադրելու մասին, իսկ այնուհետեւ 300 ձայնով որոշում է ընդունում իմպիչմենտի մասին՝ նախապես ստանալով Սահմանադրական դատարանի եզրակացությունը իմպիչմենտի անցկացված ընթացակարգի օրինականության մասին եւ Գերագույն դատարանի եզրակացությունն այն մասին, որ նախագահն իսկապես հանցագործություն է կատարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: