Բայդենը նախագահի առավել մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն է դարձել դեմոկրատների շրջանում
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վստահորեն առաջ է անցել բոլոր այն մրցակից-դեմոկրատներից, որոնք հավակնում են իրենց կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելուն: Այդ մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով սեփական հարցման արդյունքները:
Այսպես, Բայդենը ներկա դրությամբ ունի հարցված ընտրողների 35 տոկոսի աջակցությունը, նրա մերձավոր մրցակիցը՝ սենատոր Բեռնի Սանդերսը՝ 16 տոկոսի: Հարցման մասնակիցների 8-ական տոկոսը պատրաստ են աջակցել Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութիջիչին, իսկ 5 տոկոսը՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենին:
Բացի այդ, աջակցության 4-ական տոկոս են ստանում սենատոր Քամալա Հարիսը եւ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը, սենատոր Քորի Բուքերի ցուցանիշը 3 տոկոս է:
Մնացած թեկնածուները հավաքել են 1-ական տոկոս կամ ավելի պակաս: Հարցումն անցկացվել է հունիսի 1-2-ին: Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվելու են 2020 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: