«Եթե զրպարտությունը մնում է քրեականացված, դա ձեռնտու է պետությանը»

Ասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը

Կարևորելով մարդու արժանապատվության և ինքնասիրության պաշտպանությունը մեր հասարակության մեջ` զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտի, ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի և միջազգային փորձի շուրջ զրուցեցինք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի հետ:

Պարոն Ղազարյան, ի՞նչ կասեք  զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ նախկին և ներկայիս իրավադաշտերից, դրանց  տարբերություններից, առավելություններից կամ թերացումներից:

– Նախկինում իրավական այդ դաշտը քրեականացված էր. զրպարտությունն ու վիրավորանքը հանցագործություն էին համարվում, բայց դատարանում գործեր չկային: Ո՞րն էր պատճառը: Չեմ կարող ասել, որ մարդիկ իրար չէին վիրավորում. պարզապես չէին գնում դատարան: Իրավական դաշտ կար, բայց մարդիկ այն համարում էին անարդյունավետ միջոց: Զրպարտված մարդը մտածում էր` ի՞նչ օգուտ, եթե զրպարտող մարդը դատապարտվի, գնա բանտում նստի, միևնույն է՝ դրանից իր պատիվը չէր վերականգնվի, և դա հիմնականում, փաստորեն, ճիշտ էր: Մարդուն ավելի շատ հետաքրքրում է, որ հերքման տեքստը հրապարակվի, կամ ներողություն խնդրեն,կամ պատասխանի իրավունք ստանա, կամ էլ դրամական փոխհատուցում ստանա, քան որևէ մեկը գնա բանտ նստի, հատկապես` մեր հասարակությունում, որտեղ մարդիկ մեկը մյուսի դեմ բողոքելը համարում են վատ վարքագիծ (ասում են՝ գործ տվող է, և այլն): Փաստորեն միջոցը կար, բայց մարդիկ չէին օգտվում, որովհետև դա անարդյունավետ էր: Դա առաջին պատճառն է: Երկրորդ պատճառն այն է, որ անհրաժեշտ էր կարգավորել նաև լրատվական դաշտը: Որպեսզի դա չկատարվեր քրեական եղանակով, որն անհամաչափ կամ անհամարժեք եղանակ էր, որոշվեց այդ խնդիրը լուծել ավելի քաղաքակիրթ և արդյունավետ եղանակով` քաղաքացիական իրավունքի միջոցով:

Կարդացեք նաև

Ի՞նչ է ցույց  տվել զրպարտության և վիրավորանքի օրենքի իրավական դաշտի փոփոխության իրավակիրառ  պրակտիկան:

– Երկու տարվա պրակտիկայի ընթացքում միայն երկու դեպք կարող եմ հիշել, որ լրատվամիջոցները դատարանների որոշումների արդյունքում հայտնվել են անհամաչափ մեծ ֆինանսական բեռի տակ: Դրանցից մեկը, որ ամենաշատն է տուժել, «Հայկական ժամանակ» թերթն է: Դրանից հետո նման խիստ որոշում` 6 մլն դրամի փոխհատուցման պահանջով, այլևս չի եղել. դրանից հետո դատարանները նվազեցրել են գումարի չափը: Այսօրվա դրությամբ, փաստորեն, դատական գործերի քանակն՝ ընդդեմ լրատվամիջոցների, նվազել է, որը նույնպես դրական զարգացման ցուցանիշ է: Անհարկի գանգատները ժամանակի ընթացքում դուրս մղվեցին: Իսկ սկզբնական շրջանում, երբ նոր էր փոփոխվել օրենքը, շատ արկածախնդիրներ կային, որոնք զուտ գումարի համար դիմում էին դատարան: Մինչև այսօր ծավալված դեպքերն ապացուցում են, որ սա ճիշտ եղանակ է: Երբ ապաքրեականացվեց, բոլորը վախենում էին, թե լրագրողների դեմարշ է լինելու, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դատական գործերն ավարտվում են ավելի շատ լրագրողների օգտին, քան՝ հայցվորների: Մոտ երկու տարվա դատական պրակտիկան` ապաքրեականացումից հետո, ցույց է տալիս, որ գործերը դատարաններում այսօր ավելի շատ բարենպաստ ելքով են ավարտվում ` հօգուտ լրատվամիջոցների: Իսկ մյուս կողմից՝ լրատվամիջոցներն ավելի զգույշ են: ՔՕ հիմնական 1081 հոդվածն աշխատում է երկու ուղղությամբ. զսպող ազդեցություն ունի և՛ քաղաքացիների,  հայցվորների, և՛ լրատվամիջոցների համար: Փոփոխության հիմնական նպատակը հետզհետե իրագործվում է, և արդյունքում, միաժամանակ, չի տուժում նաև ինֆորմացիայի հոսքը: Այսինքն՝ հիմնական հանրային շահն  ինֆորմացիայի հոսքն էր, և այն չի տուժում: Երբ լրատվամիջոցները դատվում են, մտածում են, որպեսզի հաջորդ անգամ նորից չդատվեն, և կարգավորում են ինֆորմացիայի հոսքը, բայց, երբ դատարանում մեծ մասամբ իրենք են շահում, դա չի ազդում ինֆորմացիայի հոսքի վրա: Սա ավելի արդյունավետ միջոց է, որովհետև իրավական պաշտպանության ավելի արդյունավետ միջոց է՝ հերքում տպագրել, ներողություն խնդրել, պատասխանի իրավունք տրամադրել և, ամենակարևորը` դրամական փոխհատուցում:

Զրպարտության և վիրավորանքի միջազգային իրավական դաշտի փորձի մասին ի՞նչ կարծիք ունեք: ՀՀում զրպարտության և վիրավորանքի իրավակիրառ պրակտիկայից ի՞նչ գիտեք:

– Ամբողջ աշխարհն է գնում դրան: Եվրոպայի խորհուրդն է իր անդամ պետություններին հորդորում, որպեսզի աստիճանաբար անցնեն ապաքրեականացման: Դանդաղ բոլոր պետությունները գնում են դեպի ապաքրեականացում: Նույնիսկ կա հատուկ քարտեզ, թե որ պետություններն են գնացել: Բայց տենդենցը կա: Միայն տարբերվում է Ռուսաստանը, որ վերջերս քրեականացրեց զրպարտության մասին օրենքը: Ռուսաստանն իրեն շատ ազատ է պահում այդ առումով և տարբեր հարցերով գնում է առճակատման Եվրոպայի խորհրդի հետ: Ռուսաստանում, ըստ երևույթին, պետությանը ձեռք է տալիս, քանի որ դա պետք է պետական մարմիններին, իսկ սովորական քաղաքացին ուզում է գնալ դատարան, բայց՝ ոչ քրեականով. շարքային քաղաքացուն դա պետք չէ: Եվ ոչ միայն Ռուսաստանում, այլև բոլոր պետություններում է այդպես: Եթե դա մնում է քրեականացված, դա ձեռնտու է պետությանը, իսկ շարքային քաղաքացու համար ձեռնտու է՝ քաղաքացիական կարգով լուծել խնդիրը: Քրեական հոդվածով մեղադրանք ներկայացնելու նպատակը մարդուն պատժելն է, իսկ քաղաքացիականի նպատակը՝ խախտված իրավունքը վերականգնելը: Շատ երկրներ կան, որ քրեականը պահում են, բայց հիմնականում տենդենցը կա, որ ապաքրեականացվում է:

Իսկ ինչպիսի՞ զարգացումներ ունեն զրպարտության  և վիրավորանքի վերաբերյալ միջազգային օրենքները:

– Միջազգային զարգացումներն այնպիսին են, որ գնում են դեպի ինտերնետ դեֆորմացիայի դաշտ: Այսինքն, ինտերնետի միջոցով տարածված հրապարակային արտահայտությունը կարող է լինել վիրավորական կամ զրպարտիչ: Ինտերնետում մի քիչ խնդիրը բարդանում է: Դե՛, նախ՝ ինտերնետում անձը կարող է քողարկված կերպով հանդես գալ: Նաև ինֆորմացիայի հոսքն է շատ մեծ. միավոր ժամանակահատվածի ընթացքում կարող են միլիոնավոր ֆայլեր անցնել ինտերնետ խողովակով: Ինտերնետի առումով դեռևս միասնական մոտեցում չկա միջազգային պրակտիկայում: Տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են դրսևորում: Օրինակ՝ ԱՄՆ-ում լրատվամիջոցն այլոց քոմենթների համար բացարձակ կերպով պատասխանատվություն չի կրում, անկախ նրանից՝ դրանք վիրավորակա՞ն են, զրպարտո՞ղ, թե՞ ոչ: Եվրոպական երկրներում լրատվամիջոցները պատասխանատվություն կրում են որոշ դեպքերում. եթե տեսնում են, բայց չեն հանում վիրավորական, զրպարտող արտահայտությունը: Հայաստանում վիրավորական կամ զրպարտող բնույթի քոմենթի համար լրատվամիջոցը պատասխանատվության չի ենթարկվում, եթե զրպարտվող անձը չի դիմել, եթե չկա անձի դիմում` ուղղված լրատվամիջոցին: Միասնական պրակտիկա չկա, որովհետև ոլորտն՝ ինքն, արագ զարգացող է: Օրինակ` ֆեյսբուքում գոյություն ունի կանոնակարգ, և ով ցանկանում է օգտել ֆեյսբուքից, պետք է համաձայնի այդ կանոններին: Բայց շատերն առանց կարդալու տալիս են համաձայնություն և աշխատելու ընթացքում խախտում են այդ կանոնները:

Տեսանյութեր

Լրահոս