«ՀԱՊԿ-ում դեռևս այն փուլում ենք, երբ քննարկում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման կարգն ու իրավական հարցերը»․ Աննա Նաղդալյան
«Դեռ պետք է ուսումնասիրենք Զասի թեկնածությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե հաջորդ տարվա հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։
Հարցին, թե հայկական կողմն ինչպե՞ս է գնահատում Զասի թեկնածությունը, Աննա Նաղդալյանը պատասխանեց՝ այն, որ գլխավոր քարտուղարը նշանակվելու է 2020 թվականի հունվարի 1-ից, կարելի է ենթադրել, բայց՝ ոչ պնդել։
Ըստ նրա, երբ կլինի ՀԱՊԿ համապատասխան որոշում, այդ ժամանակ էլ կարող ենք պնդել, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան։
ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ ՀԱՊԿ-ը ղեկավարվում է անդամ երկրների և Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, ուստի ներկայացնում է անդամ երկրների շահերը։
Նրա խոսքով, գլխավոր քարտուղարը հանդիսանում է այդ պետություններին սպասարկող քարտուղարության վարչական ղեկավարը, ով պատասխանատու է պետություններին ծառայող քարտուղարության բնականոն, անխափան գործունեության, ինչպես նաև տեղում գործող մարմինների աշխատանքի համակարգման համար։
Հետևաբար՝ Նաղդալյանի խոսքով, հայկական կողմը գլխավոր քարտուղարի թեկնածությունը դիտարկում է այն առումով, թե որքանով է նա կարող կառավարել այդ աշխատանքը, իսկ որոշումը կայացվում է միայն անդամ պետությունների կողմից կոնսենսուսի հիման վրա։
Նա նաև հիշեցրեց, որ ՀԱՊԿ նախագահության հաջորդ ռոտացիոն կարգը Բելառուսինն է, սակայն՝ ինչ զարգացումներ կլինեն, քննարկվելու է Բիշքեքյան համաժողովի ժամանակ։
Ինչ վերաբերում է կոնկրետ Զասի թեկնածությանը՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ նրա գործընկերների կողմից արձագանքը դրական է, սակայն դա պետք է ավելի մանր ուսումնասիրենք։
«Մենք դեռևս այն փուլում ենք, երբ քննարկում ենք նշանակման կարգն ու իրավական հարցերը»,- ասաց Նաղդալյանը։
ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ժամեր անց ԱԳ ղեկավարը մեկնելու է Բիշքեք՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ հարցեր, որոնք վերաբերում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և նրա լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը։