Բաժիններ՝

ԱԻ նախարարը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 8-ին ընդունել է մայիսի 6-ին Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին:

«Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:

Մեքենայում գտնվող տղաները, արագ կողմնորոշվելով, բացել են դուռը և օգնել մնացած ուղևորներին լքել արդեն բռնկված երթուղային տաքսին: «Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր: Նման վթարների դեպքում, սովորաբար, ցավոք սրտի, զոհեր են գրանցվում, իսկ ձեր գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել զոհերից: Ձեր մոտեցումը և քայլերը չափազանց գովելի են և դրվատելի»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Շնորհակալություն հայտնելով օրվա հերոսներին՝ նախարար Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը իր հիմնական գործառույթներից մեկի՝ աղետների կանխարգելման գործում շատ մեծ տեղ է տալիս բնակչության իրազեկմանը, վթարների և աղետների ժամանակ մարդկանց ճիշտ քայլերին և պահվածքին, և եթե յուրաքանչյուր միջադեպի ժամանակ նույնպես գտնվեն տղաների նման խիզախ, պատրաստակամ և բանիմաց մարդիկ, ապա ողբերգությունների թիվը էապես կնվազի:

Ֆելիքս Ցոլակյանը «քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու և քաջություն դրսևորելու» կապակցությամբ Հայրապետյան եղբայրներին շնորհեց ԱԻՆ պատվոգրեր՝ հորդորելով նրանց երբեք չմոռանալ, թե ինչի համար են իրենք պարգևատրվել, և բարձր պահել նախանշված նշաձողը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս