Փաշինյանը Չոռնի Գագոյի՞ն էր ակնարկում
Մանկապարտեզների սեփականաշնորհման հարցով ՀՀ իրավապահ մարմիններում հետաքննություն է իրականացվում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի փոքր կենտրոնում ունի թվով 250 հատ անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։
«Եվ հիմա խնդիրն էն ա, որ Քրեական օրենսգրքով նայում են, և էնքան էլ պարզ չի, թե էդտեղ զուտ ֆորմալ առումով ո՞նց մոտենան էդ խնդրին, որ դա դառնա քրեաիրավական քննարկման առարկա։ Որովհետև էդ գույքը ձեռք է բերվել էն ժամանակ, երբ էդ մարդը հայտարարագրման ենթակա չի եղել։ Բայց ես ասել եմ՝ պետք է գտնենք ձևը»,- ասաց Փաշինյանը։
Թե ո՞վ է այդ պաշտոնյան, վարչապետը չբացահայտեց։
Հիշեցնենք, մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել մանկապարտեզների և Կենտրոն վարչական շրջանում սեփականաշնորհված տարածքների մասին։ Ըստ այդ հրապարակումների՝ Հայաստանի անկախացումից հետո Երևանի կենտրոնում փակվել է 14 մանկապարտեզ, տարածքները մասնավորեցվել են նախկին պաշտոնյաների կողմից: Փակված 4 մանկապարտեզների տարածքների սեփականատերեր են դարձել Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Բեգլարյանի հայրն ու որդին։ Դատախազությունն այժմ ուսումնասիրում է այդ փաստերը։
Արդեն որերորդ անգամ, հանրահավաքային ելույթի կամ ասուլիսի ընթացքում Ն. Փաշինյանն ինչ-ինչ անձանց մասին հայտարարություններ է անում՝ առանց նշելու նրանց անունները կամ մանրամասնելու։ Այնպիսի տպավորություն է, որ նրա նպատակն ասուլիսին խորհրդավորություն հաղորդելն է (որպես հնարք է գործադրվում) և կամ այդպիսով այդ անձանց ինչ-ինչ մեսիջներ հասցնելը։