Բաժիններ՝

«Պետությունը զինվորին տալու է խոզի ճարպ, կարտոֆիլ, մակարոն, ձեթ, լավաշ, մեղր է լինելու, սեզոնին՝ վարունգ և լոլիկ, և այլն». Փաշինյան

Զինվորներին հագուստով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցի հետ կապված հետաքննություն է ընթանում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդտեղ մենք հայտնաբերել ենք, առնվազն կան հիմնավոր կասկածներ, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ գործում են»,- ասաց Ն. Փաշինյանը։

Ըստ նրա՝ ինքն առաջին հերթին հրավիրել էր Գլխավոր շտաբի պետին ու խնդիր դրել, որը նա պարտավորվել էր լուծել, որից հետո մի տարօրինակ բան է տեղի ունեցել.

«Ես լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր և խուզարկում, ու ծնողների ուղարկած ինչ կա-չկա՝ առգրավում են զինվորների մոտից։ Ես ասել եմ՝ ես ի՞նչ եմ հանձնարարում, դուք ի՞նչ եք իրականացնում։ Որից հետո ես գնացել եմ դիրքեր, ասել եմ՝ բերեք զինվորի ուտելիքը։ Ես անձամբ բացել, կերել եմ և արդյունքում վատ եմ զգացել, ասել եմ՝ էս ի՞նչ ա։ Ես հանձնարարել եմ էդ ամբողջ ուտելիքը հանել շրջանառությունից։ Դրանից 2-3 ամիս հետո ես արձանագրել եմ, որ էդ ուտելիքը դեռևս հանված չի շրջանառությունից»։

Զինվորների վարտիքների հետ կապված՝ Ն. Փաշինյանը նշեց, որ կան նաև մեխանիզմների հետ կապված խնդիրներ՝ անցած տարի մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ԶՈՒ-երում մթերքի գնումներ հնարավոր չի եղել անել, որովհետև մրցույթին մասնակից ընկերություններն իրար դատի էին տվել, և այդ պատճառով ամբողջ պրոցեսը կասեցվել է՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում։

«Մենք պետք է լուծեինք վարտիքների խնդիրը և պետք է լուծեինք մայկաների և վարտիքների խնդիրն այնպես, որ դա կոռուպցիոն համակարգի տեղիք չտար։ Մենք ի՞նչ ենք արել։ Ես հանձնարարել եմ հրավիրել բոլոր ընկերություններին, նրանց հետ զրույց ունենալ միաժամանակ տեսախցիկների ներքո, և արվել են տարբեր առաջարկներ։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր զինվորներն ապահովվում են բարձրորակ վարտիքներով և շապիկներով։ Հիմա փորձարկման շրջանում է նոր կոշիկը։ Կոշիկից առաջին տպավորությունը դրական էր, բայց դրա հետ կապված՝ նաև բողոքներ կային, և հիմա ԳՇ-ն ու ՊՆ-ն աշխատում են, որ այդ խնդիրը լուծեն։ Մենք խնդիր ունենք հագուստի հետ, հիմնականում՝ նեյլոնի ու բամբակի պարունակությունը հագուստի մեջ, և հիմա աշխատանքներ են տանում, որ բամբակի կոմպոնենտն ավելանա։ Մենք խնդիր ունեինք հագուստի սեզոնայնության հետ, և առաջիկայում աշխատում ենք, որպեսզի շոգ տարածքներում ծառայող զինվորների համար նաև կարճաթև ամառային որոշակի համազգեստ ունենանք։ Սննդի հետ կապված ունենք էսպիսի երևույթ, որ պայմանագրային զինծառայողները դիրքեր գնալուց առաջ մտնում են, առևտուր են անում խանութից՝ իրենց համար ուտելիք են առնում։ Եվ ես հիմա հանձնարարել եմ հետևյալը, ասել եմ՝ տեսեք, ինչ են իրանք գնում, որպեսզի մենք ինքներս իրենց սննդակարգի մեջ դա մտցնենք, որպեսզի չգնան խանութից գնեն»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ կշեռքի նժարները փոխվում են, ու զինծառայողներն ավելի քիչ են գնում, պետությունն ավելի շատ է ապահովում։

Նրա խոսքով՝ պետությունը զինվորին տալու է խոզի ճարպ, կարտոֆիլ, մակարոն, ձեթ, լավաշ է մտել, որ նախկինում չկար, մեղր է լինելու, սեզոնին՝ վարունգ և լոլիկ, և այլն. «Մենք զինվորի ամբողջ սննդի համակարգն ենք ուզում փոխել, և դա պատվիրակել մասնավոր ընկերություններին։ Հույս ունեմ, որ էս տարվա մեջ առաջին պիլոտային ծրագիրը կունենանք»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս