«Ինձ համար այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են ինձ ազատել». Մանուկ Մանուկյան
«Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, ում որդին Ամբերդի 1986 թ. հաստատված և 2013 թ. պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ հավելելով, որ վերջինի մասին տեղեկացել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից:
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց Մանուկ Մանուկյանի հետ։
«Որոշումը ես երեկ եմ ստացել տնօրենից։ Գործատուն միակողմանի լուծարել է պայմանագիրը, որն անժամկետ էր»,- մեզ հետ զրույցում նշեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության այլևս նախկին պետ Մանուկ Մանուկյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ ազատման հիմքերը նշվել են, որոնց այս պահին մանրամասն չի ծանոթացել։ «Ինձ համար այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են ինձ ազատել։ Կարծում եմ՝ նաև կբողոքարկեմ որոշումը»,- հավելեց նա։
Ի դեպ, Մանուկյանը թեմային մանրամասն կանդրադառնա երկուշաբթի օրը՝ մամլո ասուլիսում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել էր․
«Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին և «օբյեկտ» է կառուցում: …Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով ևս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել և որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։
Թեմայի հետքերով 168.am-ը խոսել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետ Մանուկ Մանուկյանի հետ, ով չէր ժխտել, որ այդ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։
«Տարածքը սեփական տարածք է, կատարվող աշխատանքները՝ օրինական։ Արգելոցի տարածքում չէ. տարածքից դուրս է։ Կառուցվում է սննդի կետ՝ զբոսաշրջության զարգացման նպատակով»,- տեղեկացրել էր նա։
Մեր հարցին՝ թե ո՞վ է տվել սեփականության իրավունքը, ո՞ր մարզպետի օրոք, Մանուկյանը պատասխանել էր. «Պետությունն է տվել՝ Աշոտ Սիմոնյանի օրոք»:
Նա նաև հավելել էր, որ սեփականատերն իր որդին է՝ Սիրակ Մանուկյանը։
Զարուհի Դիլանյան