Բաժիններ՝

Սեղմված գազի գնի թանկացման շուրջ աղմուկն ու պատկան մարմինների լռությունը

Մայիսի 1-ից գազալցակայաններում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Եվ, ինչպես պնդում են հասարակական տարբեր շրջանակներում, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով։ Մինչ թեման ակտիվ քննարկվում է սոցցանցերում ու լրատվամիջոցներում, պատկան մարմինները թեմայի ու դրա պատճառների մասին տեղեկություններ չունեն։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց թանկացման մասին լուրերի իսկությունը։

«Իմ տվյալներով՝ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ շուկայի վերահսկողությունը գնային փոփոխությունների հետ կապված որևէ գործառույթ չունի։

168.am-ը ՊԵԿ-ից փորձեց ճշտել թանկացման պատճառները՝ հիմք ընդունելով այն պնդումները, թե գնային փոփոխությունները հարկային նոր համակարգի պատճառով են։

ՊԵԿ լրատվության ծառայությունից հղում տվեցին Ազգային ժողովի կողմից ընդունած սեղմված բնական գազի ակցիզային հարկման նպատակով կիրառվող չափման միավորը խմ-ի փոխարեն՝ կգ-ով հաշվելու մասին օրենքին:

Ի դեպ, օրենքը չի ենթադրում դրույքաչափերի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի գազի թանկացման։

Քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ԱԳԼՃԿ-ներին բնական գազը մատակարարում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված սակագնով, հետևաբար՝ փորձեցինք կապ հաստատել նաև ՀԾԿՀ-ի հետ։ Կապ հաստատել չհաջողվեց։

Վերջին պատկան մարմինը, ում հետ թեման փորձեցինք պարզաբանել, ՏՄՊՊՀ-ն էր։ 168.am-ի հարցին, թե կա՞ն արդյոք ուսումնասիրություններ, կամ նախատեսվո՞ւմ են՝ պարզելու թանկացման պատճառները, ՏՄՊՊՀ-ից խոստացան արձագանքել մեր գրավոր հարցմանը (պատասխանը լինելուն պես՝ կհրապարակենք):

Բայց, հաշվի առնելով հանձնաժողովի նախորդ հայտարարությունները, թե գազալցակայանների շահագործման գծով գերիշխող տնտեսվարողներ չկան, դաշտը լիովին մրցակցային է՝ ցածր կենտրոնացվածությամբ, հետևաբար՝ այս կառույցի տիրույթում էլ չէ խնդրո առարկան։

Հիշեցնենք՝ գազալցակայաններում գազի գնի փոփոխության վերաբերյալ խոսակցություններ կային նաև նախորդ ամիս։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադառնալով թեմային՝ հայտարարել էր, որ տեղեկությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս