Բաժիններ՝

ԱՆ-ն հերքում է սանավիացիայի ուղղաթիռների՝ բժշկական ծառայություններ մատուցելուն հարմարեցված չլինելու մասին լուրերը

«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված ուղղաթիռը «Airbus Helicopters» արտադրող ընկերության կողմից հաստատված թռիչքային ձեռնարկի համաձայն` նախատեսված է բժշկական նպատակներով շահագործման համար: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված «Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար. Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է» վերնագրով նյութին:

Նախարարությունից հավաստիացնում են, որ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնություն և սպասարկում ու երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայության վերակենդանացման բրիգադների միջոցով:

«Պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III աստիճանի /մարմնի ծածկույթի 35% մակերեսով/: Այրվածքային շոկ II աստիճանի»:

Ընդունման պահին զննվել է պատասխանատու վնասվածքաբանի կողմից, շտապ կատարվել է ինտենսիվ բուժում՝ ինֆուզիոն, ցավազրկող, հակափայտացման: Կատարվել է նաև վերքերի մշակում և տեղային ցավազրկում:

Պացիենտի վիճակը մնացել է ծանր, բուժման շարունակման հետ մեկտեղ, որոշվել է տեղափոխել Երևան և տրվել է արտագնա «արագ արձագանքման» ծառայության կանչ ուղղաթիռի միջոցով: Տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և հետազոտությունների իրականացման փուլում արձանագրվել է սրտի կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք ապարդյուն են եղել: Արձանագրվել է կենսաբանական մահ:

Այստեղից հետևություն` սույն կայքը տարածել է ապատեղեկատվություն նախ այն մասով, թե հիվանդը մահացել է ուղղաթիռի մեջ, երկրորդ` տեղափոխվել է ոչ թե «Աստղիկ» բժշկական կենտրոն այլ «Էրեբունի» և երրորդ` հագեցված է եղել համապատասխան սարքավորումներով»,-նշված է նախարարության տարածած հերքման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս