Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար. Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ 68-ամյա Սամվել Ստեփանյանին:

Տեղեկություններկ համաձայն` Ստեփանյանը բժշկական կենտրոնում մահացել է։ Սակայն թերթը դեպքի վերաբերյալ հակասական տեղեկություններ ստացավ:

Մասնավորապես, նշում են, որ 68-ամյա քաղաքացին իրականում մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին։

Բանն այն է, որ այդ ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, եւ այդ մասին բարձրաձայնել են տարբեր մասնագետներ։

Այսինքն՝ ուղղաթիռում չեն կարող ռեանիմացիոն գործողություններ լիարժեք կատարել, որի արդյունքում էլ մահ է արձանագրվել։ Իսկ մյուս վարկածի համաձայն էլ, նրան չեն կարողացել փրկել հիվանդանոցում, սակայն այս դեպքում էլ պատճառն այն է, որ ուղղաթիռի մեջ անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել ամբողջ ծավալով կատարել:

Ստացվում է, որ ուղղաթիռով նրա տեղափոխումը չկարողացավ փրկել այդ մարդու կյանքը:

Հավելենք, նաև, որ նրան ուղղաթիռով Երեւան տեղափոխելու հարցը եւս վիճելի է եղել: Եվ համեմատության համար նշենք, որ, օրինակ, Պաշտպանության նախարարության ուղղաթիռները հարմարեցված են, բժիշկները կարող են ազատ տեղաշարժվել, անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացբել ։

Իսկ այս դեպքում այդպես չէ, ինչի հետեւանքն էլ արձանագրված մահն է։

Երեկ ամբողջ օրը թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ թե՛ «Աստղիկ» բկ-ից, թե՛ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, սակայն անարդյունք. վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցից էլ ասացին, որ ոչ աշխատանքային օր է, եւ մեր հարցին չեն կարող պատասխանել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս