Ծառուկյան-Փաշինյան հակամարտություն. «օլիգա՞րխ», թե՞ «խոշոր սեփականատեր»

Այս օրերին, երբ ցեմենտի շուկան ուսումնասիրելու պատճառաբանությամբ իշխանությունը թիրախավորել է «Արարատցեմենտը» և գործարանի սեփականատեր ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին, տնտեսական քննարկումները բովանդակային դաշտից ինչ-որ պահից վերաճել են քաղաքական պայքարի:

Մի պահ թվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է կառավարություն, որ, այսպես ասած՝ «հրադադարի» պայմանավորվածություն կորզի, մինչդեռ երկկողմ արդյունավետ գնահատած հանդիպումից մեկ օր անց խորհրդարանում իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև ծավալված փոխհրաձգությունն ավելի էնտուզիազմով դարձավ, միմյանց դեմ շպրտվող կոմպրոմատները պայքարն էլ ավելի թեժացրին:

Այսօր արդեն իշխող ուժը չի թաքցնում, որ ԲՀԿ առաջնորդի տնտեսական և քաղաքական լծակները թուլացնելու համար գործի են դրվել կոշտ մեթոդներ, Ծառուկյանի շուրջ օղակը սեղմվում է: Վարչապետ Փաշինյանը բացահայտ կերպով գնում է Ծառուկյանին՝ հնուց եկած արտոնյալի կարգավիճակից զրկելու ճանապարհով, պետական համակարգը խոշորացույցի տակ է առել նրան առնչվող բոլոր տիպի գործարքներն ու քողարկված «կիքսերը», ջրի երես են հանվում «ներված» hարկային պարտավորություները:

Նկատենք, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին, որ 2018թ. ներքաղաքական անցումային բարդ՝ հեղափոխական իրավիճակում Նիկոլ Փաշինյանը քաղաքական պարտնյոր համարեց, և նախկինում նրա հասցեին ասված «օլիգարխ» բառից խուսափելու համար նրան սկսեց կոչել «խոշոր սեփականատեր», այսօր այլևս հանդուրժելի չէ իշխանության համար: Գործադիրում խոսում են, թե մանդատից զրկվելուց առաջ Ծառուկյանը դեռ պիտի պատժվի կուտակած հարկերից խուսափելու համար:

Ուստի, պատահական չէին «վա-բանկ գնալու» նախերգանքի զուգադիպությունները, երբ խորհրդարանում օրերս հրապարակվեց «Արարատցեմենտի» ձեռքբերման շուրջ նախկին իշխանություների հետ կնքված «200.000 դոլարանոց գործարքի պայմանագիրը», իսկ հեղինակը Նիկոլ Փաշինյանի խմբագրած՝ «Հայկական Ժամանակ» թերթի համասեփականատեր և տնտեսական լրագրող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն էր:

Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի մասին տեղեկություն տարածվեց՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) կողմից Ծաղկաձորի ճոպանուղին շահագործելու և 476 մլն դրամ հարկեր թաքցնելու մասով, որում անուղղակիորեն դարձյալ մեղադրվում է Ծառուկյանը (ՀԱՕԿ նախագահն է), անցած կիրակի Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրվեց: Առանձնակի ուշադրության է արժանի Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, և այս ամենի ֆոնին՝ Պալաչ մականունով հայտնի՝ Արթուր Հարությունյանի տված հարցազրույցը՝ իշխող ուժի հետ համագործակցության մասին, որտեղ Ծառուկյանի նախկին թիկնապահ, ներկայիս հակառակորդ Պալաչը բացահայտ ակնարկում է, թե այդ գործարքի գինն Աբովյանի ընտրություններին՝ Ծառուկյանի դեմ խաղալն է լինելու:

ՀՀԿ-ի հետ գործարքը ձախողելուց հետո Պալաչն այս անգամ Փաշինյանին կմիանա, միայն թե Ծառուկյանին դուրս հանի Աբովյանի տարածքից:

Պալաչը խոստացել է Փաշինյանին՝ հասնել այն բանին, որ Աբովյանը դավաճանի իր «տիրակալին»:

Ծառուկյանն ուզում է Կապանում գործարան հիմնել, Կառավարությունը խոչընդոտում է

Եվ այս շղթայական գործողությունների օրերին, փաստորեն, հաջորդ «համընկնող» հարվածն է եղել Ծառուկյանի բիզնեսին:

168.am-ին հայտնի է դարձել, որ Կապանում «Արարատցեմենտի» դուստր ձեռնարկություն հիմնելու ծրագիրը կասեցվել է ուսումնասիրությունների երկրորդ շրջափուլին:

Խոսքը Կապանում Ծառուկյանի ձեռնարկած մի նոր ցեմենտի գործարանի մասին է. «Արարտցեմենտը» 2019թ. շրջակա միջավայրի ուսումնասիրության և միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացություն ստանալու համար դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարություն: Այստեղ փաստաթղթային աշխատանքների կատարման որոշակի փուլում գործընթացը դադար է առել, առկախված վիճակի մասին մեր աղբյուրները քաղաքական դրդապատճառներ են ասում, իսկ Բնապահպանության նախարարությունից պնդում են, թե այդ դադարը գործնականում այլ հանգամանքներով է պայմանավորված:

«Այո, նման բան կա, «Արարատցեմենտից» դիմել են մեզ՝ նախատեսվող գործունեությունը փորձաքննության ենթարկելու համար: Բայց այս փուլում գործընթացը դադարեցված է, մենք մեր եզրակացությունն ուղարկել ենք Բնապահպանության և ընդերքի տեսչություն՝ կառույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության և փորձաքննական աշխատանքների լիարժեքությունն ապահովելու համար, դեռևս ընթացքի մեջ է»,- պարզաբանում են նախարարության համապատասխան տեսչությունից: Մինչդեռ մեր աղբյուրներն այս դադարի հիմքում Փաշինյան-Ծառուկյան լարված հարաբերություններն են նշում։

«Կապանում մի նոր ցեմենտի գործարան հիմնելու աշխատանքներն իրականում կանգ են առել վերնախավի հրահանգի պատճառով՝ առիթը քաղաքական կոնյունկտուրայում տեղի ունեցող գզվռտոցն է»,- ասում է մեր աղբյուրը:

Փաստորեն, տնտեսական հեղափոխության գնալու՝ իշխանության համառ կամքը կոտրվել է Ծառուկյանի վարքագծի պատճառով:

Իսկ «Արարատցեմենտի» սեփականատեր Ծառուկյանի պլաններում որոշակի առաջխաղացում էր գրանցվել: Մեր տեղեկություններով՝ ճիշտ այն օրերին, երբ խորհրդարանում քննարկվում էր ցեմենտը հարկել-չհարկելու մասին կառավարության բերած վիճահարույց օրինագիծը, իրանական կլինկերի որակից դժգոհող Գագիկ Ծառուկյանն իր բանագնացների միջոցով գործարք էր անում Իրանի հետ գործունեություն ծավալող գործարարների հետ: Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կլինկեր հանքահումքը մատչելի գներով Հայաստան ներկրելու համար: Ներկրման նպատակը հենց Կապանում կառուցվելիք գործարանում ցեմենտի արտադրություն ստեղծելն է:

Հիշեցնենք, ԱԺ ամբիոնից Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ, եթե ԱԺ-ն իրեն ոչ ձեռնտու նախագիծ ընդունի, ապա բացառված չէ, որ գործարանի աշխատուժին պահելու փոխարեն՝ նախընտրի կլինկեր ներկրելը: Եվ ահա, աղմկահարույց օրենքի նախագիծը դեռ լրամշակման փուլում է, «Արարատցեմենտն» էլ արդեն արտադրելու փոխարեն՝ կլինկերի ներկրման փուլում է:

Դեռևս հայտնի չէ՝ ներկրվող հումքն ինչ ծավալ է կազմելու, իրականում Կապա՞նի արտադրության համար է նախատեսվում իրանական կլինկերը, թե՞ այն կհասնի նաև «Արարատցեմենտ» գործարան, մյուս հումքերին միախառնվելով՝ ցեմենտի արտադրություն ապահովելու համար:

Հիշեցնենք նաև, որ ներկրելու դեպքում՝ Ծառուկյանը զգուշացրել էր ԱԺ-ում, որ գործարանի աշխատատեղերի կրճատման խնդիր կարող է առաջանալ՝ այս հայտարարությամբ անուղղակիորեն սպառնալով տնտեսական հեղափոխություն խոստացած օրվա իշխանությանը:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս