Երեխայի վրա հոր ազդեցության մասին
Հոր դերը երեխայի կյանքում պակաս կարևոր չէ, քան մոր դերը, և սրա հետ չես վիճի։ Ի՞նչ ոլորտների վրա է ազդում հոր կերպարը, ինչպե՞ս է այդ ազդեցությունը դրսևորվում հասուն մարդու կյանքում, և որտե՞ղ կարող է լինել հնարավոր հոգեբանական խնդիրների ծուղակը։
Եվ այսպես, որո՞նք են այն թեմաները, որոնք կապված են հոր կերպարի հետ։
1. Վստահության թեման՝ իր սեփական ուժերի, անվտանգության ու պաշտպանվածության նկատմամբ ունեցած վստահությունը։
2. Սահմանների թեման՝ ի՞նչ է ինձ կարելի և ի՞նչ՝ ոչ։ Իմ նկատմամբ կատարած քայլերից ո՞րն է լավը, և ո՞րը՝ անթույլատրելի։
3. Իդենտիկության թեման՝ ո՞վ եմ ես, ինչպիսի՞ն եմ։
4. Անձնական հարաբերությունների թեման՝ կին-տղամարդ և երեխա-ծնող հարաբերություններ։
5. Ինքնաիրացման թեման՝ որպես հոգեբանական հասունության արդյունք։
6. Սոցիումի հետ հարաբերությունների թեման՝ կառուցվածք, հիերարխիա, իշխանություն, պատասխանատվություն, հաջողակ լինելը, սոցիումի հետ ներդաշնակ ապրելու և նրանում արժանապատիվ տեղ գրավելու ունակությունը։
Հարաբերությունների թեման
Անկասկած, թեմաների մեջ ամենագլխավորն է, քանի որ տղամարդու հետ նշանակալից հարաբերությունների փորձը մենք ստանում ենք ծնողական տանը։ Այստեղ է գրվում նաև ծնողների միջև հարաբերությունների սցենարը։
Կանայք հոր վրա են հենվում հիմնականում 2 ոլորտներում՝ «ես իմ հոր աղջիկն եմ», և, երբ զուգընկերոջ ընտրության հետ կապված բարդություններ են ունենում, ինչն առաջին ոլորտի ենթաթեման է։
Տղամարդկանց մոտ էլ հոր վրա հենքը հիմնականում 2 ոլորտներում է դրսևորվում՝ «ես տղամարդ եմ», և ընտանիքում՝ որպես հոր և ամուսնու դերաբաշխումը։
Տղա երեխան կամ ուզում է հոր նման լինել, կամ ամաչում է նրանից, և կամ էլ հպարտանում նրանով։ Նրա համար շատ կարևոր է իր նկատմամբ հոր բարեհաճությունը։
Մյուս կողմից՝ հոր վարքագծով է պայմանավորված, թե տղա երեխան իրեն ինչպես կպահի ծայրահեղ իրավիճակներում։ Եթե նա տեսել է, որ հայրը խմում է ու ծեծում մորը, անտարբեր է ընտանիքի նկատմամբ, ապա ինքն իր ապագա ընտանիքում իր պարտականություններն իրացնելիս բարդություններ կունենա։
Իդենտիկության կամ սեփական անձն ընկալելու թեման
Այս ոլորտի խնդիրներն ամփոփվում են ներանձնային կոնֆլիկտների ու սեփական անձը չընդունելու, չսիրելու մեջ։
Այս խնդիրները թաքնված են հոր կողմից երեխային չընդունելու և երեխայի կողմից հորը չընդունելու մեջ։
Առաջին տարբերակում երեխան իր որոշակի անհատական առանձնահատկություններն ընկալում է «ներքին քննադատի» պրիզմայով, որում մենք առանց բարդության կարող ենք տեսնել հոր կերպարը։ Դա կապված է հոր՝ կանոններ հաստատելու, առաջնահերթություններ դնելու ու գնահատականներ տալու գործառույթի հետ։
Մյուս տարբերակում հոր կերպարը երեխայի կողմից բացասաբար է ընկալվում։ Օրինակ, եթե ծնողները բաժանվել են, կամ նրանց միջև բարդ հարաբերություններ են, երեխան նրանց կողմից կարող է օգտագործվել՝ որպես շանտաժի գործիք։ Երեխան չի կարող ինչ-որ մեկի կողմը բռնել ՝ սուր կոնֆլիկտի վիճակում չգտնվելով։ Չէ՞ որ նույնիսկ գենետիկորեն երեխայի մի կեսը հայրական է, մյուսը՝ մայրական։ Եթե հոր կողմը բռնի, կնեղանա մայրը։ Բացի դրանից, հենց մայրն է հիմնականում կոնֆլիկտի տուժած կողմը լինում, իսկ երեխան հակված է միանալ թույլին։
Իսկ երբ նա մոր կողմն է բռնում, նա ասես հորն է դավաճանում։ Եվ պատկերացրեք, թե նա ինչ է զգում, երբ լսում է «հորն է քաշել» արտահայտությունը։ Չէ՞ որ այն հպարտության առարկայից դառնում է դառը մեղադրանք։
Անվստահություն իր նկատմամբ
Եթե մոր գործառույթը սնող, ապահովող ու հոգ տանող լինելն է, ապա հայրիկը մեզ տալիս է պաշտպանվածության և հուսալիության, հիմնավորվելու ու անվտանգության զգացողություն։ Երբ մենք ինչ-ինչ պատճառներով այդ աջակցությունը չենք ստանում, մենք անպաշտպան ենք դառնում մեծ, բարդ ու բավականին վտանգավոր աշխարհի առջև։ Դրա համար էլ անպաշտպան լինելու, հենքի բացակայության, էներգիայի բացակայության, անօգնականության ու կյանքի հանդեպ վախի խնդիրները հաճախ կապված են հոր հետ։
Հասունացում և ինքնաիրացում
Գործելու, իրեն դրսևորելու, նկարելու, նոր բան արարելու, սեփական կյանքով ապրելու՝ իր ճանապարհով ընթանալու ունակությունը։ Ինքդ քեզ իրացնելը՝ որպես պրոֆեսիոնալ, ծնող, կին, ամուսին…
Ինչո՞ւ է հենց հայրն ազդում սրա վրա։
Երեխայի համար մայրը մի ամբողջ աշխարհ է, իսկ երեխան այդ աշխարհի շարունակությունն է։ Իսկ հասունացման խնդիրը սեպարացիան է, մայրիկից կտրվելը։
Դրանից ելնելով՝ կարելի է առանձնացնել հոր ազդեցության մի քանի կողմեր։
1. Սեպարացիան մորից՝ որպես ճգնաժամ
Երեխայի վրա հոր ազդեցությունը խիստ միջնորդավորված է, մոր միջոցով։ Իր զարգացման ընթացքում երեխան բախվում է այն բանին, որ իր փոքրիկ աշխարհում, մորից բացի, էլի ինչ-որ մեկը գոյություն ունի։ Եվ այդ օբյեկտն աստիճանաբար նույնքան կարևոր է դառնում։ Երեխան նրա հետ մտնում է իր առաջին հարաբերությունների մեջ, որոնք սկզբունքորեն տարբերվում են սիմբիոտիկ հարաբերություններից։
Այսպիսով, հայրիկը նպաստում է երեխայի՝ մորից անջատվելուն։ Նրանք, ովքեր չեն անցնում այդ ճգնաժամային փուլերը, կանգ են առնում նրանցից մեկում, դա ընկալում են՝ որպես կյանքի բացակայություն, չիրացվածություն։
2. Գործընկերային հարաբերություններ և ինֆանտիլ կախվածություն
Երեխայի կյանքում նոր, նշանակալից օբյեկտի՝ հոր հայտնվելը, ու նրա հետ հարաբերությունները դառնում են՝ որպես հասուն տարիքում հետագա գործընկերային հարաբերությունների զարգացման հիմք։ Զուգընկերը չի կարող մեզ համար լինել «ամեն ինչ», հայր ու մայր, ընդ որում, կատարելացված։ Դա ճանապարհ է՝ դեպի կախյալ վարքագիծ։ Իսկ ի՞նչ է կախվածությունը, եթե ոչ՝ ձուլման ձգտող ինֆանտիլության դրսևորում։
3. Դերերը, գործառույթներն ու հարաբերությունները համատեղելու կարողությունը
Սովորելով սիրել հորն ու մորը՝ երեխան իր համար բացահայտում է տոտալ սիրային միակ հարաբերություններով կլանված չլինելու հնարավորությունը։ Առողջ կապվածությամբ հասուն մարդն ունակ է հաստատել խորը մտերմիկ հարաբերություններ տարբեր մարդկանց կամ կյանքի ոլորտների հետ։ Երբ ես լսում եմ, որ մարդը ստիպված է ընտրություն կատարել աշխատանքի ու ընտանիքի միջև, ես հասկանում եմ, որ նա կամ հավատում է այդ սոցիալական միֆին, կամ ինչ-որ պատճառով չի ստացել այդպիսի կարևոր կերպարների համատեղման փորձ։
Մասնավոր դեպք է ամուսնական և ծնողական դերերի համատեղման հետ կապված բարդությունը։ Ամուսինների միջև ուժգին միաձուլման դեպքում երեխան այդ զույգի մեջ տեղ չունի, և կարևոր չի՝ այդ միաձուլումը սիրայի՞ն, թե՞ թշնամական համատեքստում է։ Լինում է նաև այնպես, որ երեխայի ծնվելու հետ մեկտեղ՝ մայրն ամբողջովին ձուլվում է նրա հետ, և ամուսինն այդ զույգից դուրս է մղվում։ Այդպես կրկնվում է «բացակայող հոր» սցենարը։
4. Նոր փորձի կուտակում, սահմանների ընդլայնում
Հետագայում, եթե հետևես երեխայի՝ մոր և հոր հետ հարաբերություններին, կարելի է նկատել հետևյալ տարբերությունը։ Մայրը սիրում է, հոգ է տանում, սնում ու պաշտպանում։ Հայրը դրդում է ռիսկի դիմել, պաշտպանում է, մարտահրավերներ է առաջարկում, արդյունքներ է պահանջում, գնահատում է նվաճումներն ու անհաջողությունները։ Այսպիսով, հայրը երեխային մղում է սահմանների ընդլայնման, խրախուսում է ռիսկն ու էքսպերիմենտները, օգնում նոր փորձ ձեռք բերել։
5. Օրհնության ստացում
Առաջ ցանկացած կարևոր գործ սկսելուց առաջ երիտասարդները խնդրում էին ծնողների օրհնությունը։ Ենթադրաբար՝ հայրական և մայրական օրհնությունները տարբեր լիցքեր ունեն, մարդու համար տարբեր իմաստներ ունեն։ Մայրական օրհնանքն ավելի շուտ ընկալվում է՝ որպես ամեն վատ բանից պաշտպանություն։
Հայրական օրհնանքն ընկալվում է՝ որպես ընտրած ճանապարհով գնալու թույլտվություն, հավանություն։ Հենց այդ պատճառով իր կյանքի ընտրությունը կատարելիս՝ մարդը հիմնվում է հոր օրհնանքի վրա։
Այսօր այդ սովորությունը գրեթե կորսված է։ Մենք հաճախ ենք տեսնում, որ երիտասարդները դեմ են գնում ծնողների ցանկությանը։ Ծնողներն իրենք էլ չեն հասկանում, թե որքան կարևոր է օրհնանքը, քանի որ, թերևս, իրենք էլ իրենց ծնողներից այն չեն ստացել։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը