Արգենտինայում վերահաստատում են Հայոց ցեղասպանության դատապարտումը
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը` Խուլիա Ռիտա Քուզիսի նախագահությամբ, երեկ՝ օգոստոսի 1-ին, միաձայն կողմ է քվեարկել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին և, միաժամանակ, միացել Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 26199՝ «Ի հիշատակ հայ ժողովրդի կրած ցեղասպանության» հանրապետական օրենքին, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քվեարկության ավարտից հետո ելույթներ են ունեցել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը:
Վերջիններս, մեծապես կարևորելով Սան Իսիդրո քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևը Հայաստանի և հայ ժողովրդի անունից իրենց երախտագիտությունն են հայտնել ճշմարտության և արդարության օգտին ընդունված փաստաթղթի առնչությամբ: