Ծաղկավաճառները՝ այսօր թանկ վաճառվող մեխակի, վարդի ու կակաչի գնի մասին
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հազարավոր հայեր ու օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին:
Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի՝ ապրիլի 23-ից սկսած, տարբեր շրջանների ու Երևանի ծաղկավաճառները գնում ու իրենց տաղավարներն են տեղադրում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմաց գտնվող գետնանցումում, մայթերին: Այդ օրը նրանք մնում են մինչև կեսգիշեր, իսկ ապրիլի 24-ին գալիս են վաղ առավոտից՝ 5:30-ից սկսած, քանի որ 7:00-ից արդեն մարդիկ սկսում են գալ, գնել ծաղիկներ և այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մեր հարցախույզի ընթացքում պարզվեց, որ այս տարի ծաղիկների գինը բարձրացել է մոտ 50 դրամով:
Որոշ տեղերում մեկ մեխակի գինը տատանվում էր 250-300-ի սահմաններում, կակաչներն արժեին 200-250 դրամ, փնջով (20 հատ)՝ 3000 դրամ, 1 վարդն արժեր 300-500 դրամ, հերբերան՝ 250 դրամ:
Հանդիպում են նաև կակաչներ՝ 100-150 դրամի սահմաններում, որոնք մի փոքր թոռոմած են:
Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված այս բարձր գները՝ ծաղկավաճառներից ոմանք պատասխանեցին, որ ծաղիկը քիչ է եղել, մյուսներն էլ, թե՝ ձյուն է եկել, դրանից է:
«Մեզ 30 դրամ է մնում, չբերել էլ չէինք կարող: Ծաղկի շուկայում մեխակը 200-220 դրամով էին վաճառում, ձյունն ի՞նչ կապ ունի: Մեզ օգուտ չի մնում»,- ասացին մյուսները:
Անի Կարապետյան