Նավուր համայնքի հոսպիտալացված 30 բնակիչներից 24-ը երեխաներ են
Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկություն էր ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն էր դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ, իսկ ապրիլի 17-ին՝ ևս մի քանի քաղաքացիներ։
Այսօր արդեն Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքի 30 բնակիչ, որից 24-ը երեխաներ են:
«Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ աշխատանքները շարունակվում են»,- այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպված բուժման արդյունքում բոլորն ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ` շիգելլա զոննե։ Համայնքի մանկական կրթական հաստատություններում աղիքային վարակների արձանագրումը կանխելու նպատակով բժշկական հսկողություն է սահմանվել դպրոցի աշակերտների և մանկապարտեզի սաների նկատմամբ։
Հիվանդների տնային օջախներում, ինչպես նաև մանկական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։ Համայնքի ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը»։
Նավուրի համայնքապետ Արամ Նիգոյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդամենը մեկ թաղամասի ջրագծի շահագործումն է դադարեցվել։ Իսկ բնակիչերը դրա փոխարեն օգտվում են ցայտաղբյուրներից ու աղբյուրներից։
168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ՝ որպես խնդրի պատասխանատու կողմ, բայց զանգերը մնացին անպատասխան։ Մարզի սանիտարական և էպիդեմիոլոգիական ծառայության միակ հասանելի համարն էլ չէր գործում։
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ