Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ-ի նախագահ

Այսօր ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը։ Վերջինիս՝ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում թեկնածության առնչությամբ ավելի վաղ մտահոգություններ էր բարձրաձայնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այս մասին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Գեղամ Գևորգյանի թեկնածությանը «կողմ» էր քվեարկել՝ 95, իսկ «դեմ»՝ 26 պատգամավոր, «անվավեր» քվեաթերթիկ չի եղել:

Հիշեցնենք, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը, ում թեկնածությունը  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ վարչապետը ներկայացրել էր ԱԺ հաստատման,  արձագանքելով իր անվան շուրջ համառ քննարկումներին և իր թեկնածությունը մերժելու վերաբերյալ բերված հիմքերին՝ 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր,  թե ինքն  այդ 3 տարվա կառավարչի աշխատանքային  ստաժի խնդիրը չունի, հիմքերը բավարար են, և այդ մասին հիմնավոր կներկայացնի ԱԺ ելույթում:

Հիշեցնենք նաև, որ ՏՄՊՊՀ  նախագահի պաշտոնը 9 տարի զբաղեցնում էր Արտակ Շաբոյանը, և նրան դեռ մեկ տարի՝ մինչև 2010 մարտի 1-ը, կար պաշտոնավարելու համար, մինչդեռ  երկու տարբեր իրար  հակասող օրենքների պատճառով  վիճահարույց իրավիճակում վարչապետ Փաշինյանը որոշեց այդուհանդերձ իրեն ձեռնտու ճանապարհով գնալ՝ փոխել ՏՄՊՊՀ-ի ողջ կազմը՝ անկախ այն բանից, թե քանի տարվա պաշտոնավարման իրավունքներով էր նրանց օժտել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նշանակումը՝  օրենքի ուժով:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս