Ծառուկյանը` իշխանության համար ցանկալի թեկնածո՞ւ

Առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուների անունների շարքում երեկ առաջին անգամ հնչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը:

Իհարկե, նախկինում էլ տարբեր քաղաքագետներ, վերլուծաբաններ, նույնիսկ` ԲՀԿ-ականներ, առնվազն չեն բացառել որպես նախագահի թեկնածու Գ. Ծառուկյանի առաջադրման հնարավորությունը: Սակայն երեկ դա հնչեց գրեթե «իշխանության շուրթերից»:

Սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, թվարկելով նախագահի հնարավոր թեկնածուների անունները, դրանց թվում նշել է նաև Գագիկ Ծառուկյանի անունը:

Վերջինիս կենսագրությունն ու սոցիոլոգիական գործունեությունը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ, հատկապես՝ ընտրություններից առաջ, ու հատկապես՝ սկզբունքային հարցերում, նա ասում է այն, ինչ ձեռնտու է գործող իշխանություններին: Կամ հակառակը` իշխանությունները Ադիբեկյանի միջոցով անուղղակիորեն հայտնում են իրենց տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ: Պարտադիր չէ, որ դա արդեն կայացված քաղաքական որոշման արդյունք լինի, հաճախ Ադիբեկյանի միջոցով նաև ստուգում են մամուլի, քաղաքական շրջանակների, ի վերջո` հասարակության արձագանքն այս կամ այն հարցի վերաբերյալ: Մեծ հավանականությամբ, այս անգամ ևս Ադիբեկյանի հայտարարությունն ունի նշված նպատակներից որևէ մեկը, կամ բոլորը` միասին վերցրած:

Ընդ որում, ուշագրավ է նաև այն ձևակերպումը, որով Ադիբեկյանը խոսել է Գ. Ծառուկյանի մասին. «Նա (Գ. Ծառուկյանը) Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի: Եթե համագումարը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անցողիկ չի, չմասնակցե՞ն, ո՞ւմ առաջադրեն»,- հայտարարել է նա: Հաշվի առնելով մի կողմից՝ Գ. Ծառուկյանի տեսակը, արժեքային համակարգը, մյուս կողմից` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ նրա որոշակի հարաբերությունները, դժվար չէ նկատել, որ Ադիբեկյանի հայտարարությունն ինչ-որ իմաստով նաև Ծառուկյանին «թասիբի գցելու» էլեմենտ է պարունակում: «Ի՞նչ պակաս տղա է…»` մոտեցումը Գագիկ Ծառուկյանի պարագայում կարող է որոշակի ազդեցություն ունենալ, հատկապես, որ Յանուկովիչի հետ համեմատության մեջ Ծառուկյանն ինքն իր համար կարող է որոշել, որ իսկապես նրանից ոչ միայն պակաս չէ, այլ ավելի շատ արժանիքներ ունի:

Ո՞րը կարող է լինել Ծառուկյանին նախագահի թեկնածուի կարգավիճակում տեսնելու՝ իշխանությունների ցանկության պատճառը: Առաջին հերթին, թերևս, Գ. Ծառուկյանի մոտ այն գաղափարի հասունացումը, որ, եթե ԲՀԿ-ն չպաշտպանի Ս. Սարգսյանին, ապա պետք է առաջադրի ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Վարդան Օսկանյանի, այլ հենց իր թեկնածությունը: Այսինքն, հնարավոր է` իշխանությունը մտածում է նման ճանապարհով Ծառուկյանի մոտ գոնե ցանկությունների մակարդակում Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու մոտիվացիա ստեղծել: Հատկապես բացառված չէ, որ նման ցանկություն լինի ինքնին` և նախագահի թեկնածու դառնալը ազդակ հանդիսանա  այն իրագործելու համար:

Ակնհայտ է, որ եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, իշխանությունների համար Ծառուկյանը որպես «հիմնական մրցակից»՝ ավելի գերադասելի կլինի, քան Քոչարյանը կամ, անգամ, Վարդան Օսկանյանը: Խնդիրը միայն Ծառուկյանի` օլիգարխի, ուստի՝ նաև խոցելի լինելու կարգավիճակը չէ: Ակնհայտ է, որ որպես քաղաքական ֆիգուր՝ Գագիկ Ծառուկյանն էականորեն զիջում է և՛ Վարդան Օսկանյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, ինչը իշխանություններին նախընտրական քարոզարշավի ժամանակ մանիպուլյացիաների անսահման հնարավորություն կտա:

Ասենք, ընտրությունների նախօրեին կարող է տեղի ունենալ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանավեճ, այնպես, ինչպես 2003 թվականին՝ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան բանավեճը: Իհարկե, համեմատությունն ամբողջությամբ տեղին չէ, սակայն քարոզչական առումով դա կարող է ապահովել նույն էֆեկտը: Գ. Ծառուկյանը նախագահի թեկնածուի կարգավիճակում, իհարկե, կարող է շոշափելի ձայներ ստանալ: Սակայն դա ևս կախված կլինի իշխանություններից, մասնավորապես` նրանից, թե իշխանությունը որքանո՞վ թույլ կտա «նախընտրական բարեգործությունը»:

Մի խոսքով, որոշակի գործոնների առկայության դեպքում Գ. Ծառուկյանը կարող է դառնալ իշխանության համար ցանկալի «մրցակից», ով նախագահական ընտրությունների ավարտից հետո կշնորհավորի Սերժ Սարգսյանին: Առաջիկա գործընթացները ցույց կտան, թե որքանով են իրատեսական այս վարկածները, սակայն  կարելի է արձանագրել, որ իշխանությունն առնվազն մտածում է Գագիկ Ծառուկյանին նախագահի թեկածուի կարգավիճակում տեսնելու մասին:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս