Բաժիններ՝

Ֆրանսիան կարող է բավականաչափ որակյալ աշխատողներ չունենալ Նոտր Դամի վերանորոգման համար. Le Parisien

Ֆրանսիան կարող է բավարար չափով որակյալ աշխատուժ չունենալ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը:

Նրա տվյալներով, վերանորոգման աշխատանքների համար կպահանջվեն մեծ քանակությամբ տանիքագործներ, որմնադիրներ եւ հյուսներ, ինչպես նաեւ ապակու պատրաստման վարպետներ, կարմրափայտագործներ եւ ոսկեզօծման մասնագետներ:

Թերթի կողմից հարցված մասնագետների համաձայն, «ներկայում հնարավոր չէ ստույգ որոշել այն մարդկանց թվաքանակը, որոնք անհրաժեշտ կլինեն այդ աշխատանքների համար»: Փորձագետներն ընդգծում են, որ աշխատաշուկայում ներկայում չափազանց քիչ են անհրաժեշտ մասնագետները, քանի որ նշված մասնագիտությունները գրավիչ չեն երիտասարդության շրջանում:

«Ամիսներ կամ նույնիսկ երկու-երեք տարի կպահանջվի շենքն ամրացնելու համար,-հրատարակությունը մեջբերում է արհեստավորների եւ փոքր շինարարական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Պատրիկ Լեբյուի խոսքը:- Այնուհետեւ մրցույթներ կանցկացվեն ընկերությունների ներգրավման համար: Կվարձեն պատմական հուշարձանների վերականգնման փորձ ունեցող աշխատակիցների, իսկ այդպիսի որակավորում ձեռք բերելը շատ երկար ժամանակ է պահանջում»:

Լեբյուի խոսքով՝ տանիքագործներին, օրինակ, «հաճախ հարկ է լինում ներգրավել արտասահմանից»: Միեւնույն ժամանակ թերթը նշում է, որ Ֆրանսիայի շինարարական ֆեդերացիան արդեն շուրջ 30 ուսումնական դասընթաց է բացել համապատասխան մասնագետների պատրաստումն սկսելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս