Բաժիններ՝

 160-ից ավելի հ/կ-ներ դիմում են կառավարության ղեկավարին

Երևանի Սարյան 22 շենքում տեղակայված կազմակերպությունները, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հրահանգով նախարարությանը կցված տարածքը դատարկելու փոխարեն ՝ այլ որոշում են կայացրել: Թվով 162 հասարակական կազմակերպություններ (հ/կ), որոնք ներկայացնում են Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցը (ՌԾ ՔՀՑ), ներկայիս կառավարությանը կոչ են անում չհրաժարվել նախկին իշխանության հետ ձևավորված համագործակցության պլատֆորմից:

Նրանք բոլորը պատրաստակամություն են հայտնում շարունակել այս կառավարության հետ գործընկերային հարաբերությունները՝ առաջվա պես ներգրավվել պետական ծրագրերի կատարման մոնիտորինգի և գնահատման գործընթացներում, և պահպանել այն 4 սենյակների նկատմամբ իրենց շահագործման իրավունքը, որն անհատույց ստացել էին դեռ նախկին իշխանությունների ձեռքից՝ 2014 թվականին:

Ստորագրահավաքին միացած նշված հասցեի գրեթե բոլոր հ/կ-ները, որոնք համատեղ ուժերով աջակցում են կառավարությանը՝ սոցիալ-տնտեսական մի շարք ռազմավարական ծրագրերի մշակման գործում, իրենց ուղերձն ուղղում են, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալիքով, որ իրենց հետ նոր իշխանության խզած հարաբերությունները կվերանայվեն:

Ասում են՝ երեք անգամ վերջին շրջանում դիմել են կառավարության ղեկավարին՝ խնդրանքով, որպեսզի իրերի դասավորությունը թողնի այնպես, ինչպես որ կա, սակայն ոչ մի նամակի այդպես էլ պատասխան չեն ստացել, իսկ Ֆինանսների նախարարությունից հրահանգել են մեկ օրում լքել տարածքը, և չկա որևէ կոմպրոմիս: Ուստի բաց նամակով դիմել են Կառավարության ղեկավարին:

Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի (ՔՀՑ) խորհրդի կազմակերպություններն իրենց հայտարարության մեջ գրել են.

«Ժողովրդավար երկրներում իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացիական հասարակությունն իրենց մոտ կայանա, հզորանա և որպես գործընկեր՝ օգնի պետական կառույցներին՝ երկրի պետականաշինության գործում:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության մաս կազմող Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցը (ՌԾ ՔՀՑ), որում ներգրավված են 160-ից ավելի, տարբեր ոլորտների հ/կ-ներ, փորձառու մասնագետներ, գիտնականներ, նույնիսկ՝ ոչ ժողովրդավար նախկին կառավարությունների օրոք, իր հետևողական գործելակերպով և բազում դժվարություններ հաղթահարելով, համագործակցել և ստորագրել է գործընկերության համաձայնագրեր, ըստ որոնց՝ երկրի ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման գործընթացներում ՌԾ ՔՀՑ-ն հանդիսացել է կառավարության սոցիալական գործընկերը:

Նախկինում ՌԾ ՔՀՑ-ն կառավարության հետ անվճար՝ հասարակական հիմունքներով, իրականացրել է հանրային մի շարք քննարկումներ և համագործակցության տարբեր միջոցառումներ, որոնց արդյունքում նախատեսվող և իրականացվող ծրագրերը հասարակության համար դառնում էին որոշ չափով թափանցիկ, հրապարակային և արդյունավետ:

ՌԾ ՔՀՑ-կառավարություն այս աշխատելաոճը մեծ հավանության էր արժանանում միջազգային տարբեր կառույցների կողմից: Չմոռանանք, որ հենց միջազգային կառույցների օգնությամբ էր, որ տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվեց քաղաքացիական հասարակություն:

Այսօր Հայաստանում իշխանության են եկել ժողովրդավար ուժեր, և թվում էր, թե քաղաքացիական հասարակության դերը և նշանակությունը պետք է ավելի գնահատվեր, կառավարության հետ նրա գործընկերությունը պետք է ավելի ակտիվանար, կառավարությունն ինքը պետք է հրավիրեր ՌԾ ՔՀՑ-ին և առաջարկեր, որպեսզի իրեն օգնի, և ստորագրվեր գործընկերության նոր համաձայնագիր, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ կառավարությունը ոչ միայն չի նպաստում, այլև խոչընդոտում է երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը, մասնավորապես՝ գրասենյակը, որը նախկին կառավարությունը տվել էր ՌԾ ՔՀՑ-ին, որպեսզի հանդիպումներ, քննարկումներ, նիստեր և այլ միջոցառումներ անցկացնեն, ՌԾ ՔՀՑ-ից փորձում են խլել:

ՌԾ ՔՀՑ-ն 3 անգամ նամակով դիմել է պարոն վարչապետին՝ առաջարկելով հանդիպել, քննարկել, նոր համաձայնագիր ստորագրել, բայց նամակները մնացել են անպատասխան:

Հետաքրքիրն այն է, որ ՌԾ ՔՀՑ-ն անվճար կարգով իր աջակցությունն է հայտնում կառավարությանը՝ երկրի ռազմավարական ծրագրերն արդյունավետ դարձնելու հարցում, մանավանդ ցանցի ահռելի ներուժը և փորձառությունը մեծ օգտակարություն կարող է բերել երիտասարդ կառավարության աշխատանքին:

Սույն հայտարարությունն այլ նպատակ չի հետապնդում, քան ամրապնդել քաղհասարակության դերը մեր երկրում և սատարել ներկայիս ժողովրդավար կառավարությանը: Այդ նպատակով, ՌԾ ՔՀՑ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է, որպեսզի կառավարությունը վերականգնի իր հետ գործընկերությունը՝ երկարաձգելով նախկինում կնքած համաձայնագիրը»,- ասված է բաց նամակում:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս