Բաժիններ՝

«Տեղին չէր գնալ ու մաքսատան սովորական աշխատողի վրա գոռալ, այդպես հարցեր չեն լուծվում»

Ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում արձանագրված խայտառակ միջադեպը մինչ օրս քննարվում է հասարակության շրջանում։ Ըստ Փաշինյանի և պաշտոնական լրատվամիջոցների՝ Փաշինյանին զայրացրել էր գետնին ընկած, կեղտոտված եռագույնը։ Համացանցում, սակայն, շատերը կրկին դիտելով այդ օրվա տեսանյութերը, նկատել էին, որ դրոշը գետնին ընկած չի եղել, հենված էր պատին։ Փաշինյանը ԶԼՄ ներկայացուցիչների, տեսախցիկների առջև կտրուկ արձագանքեց՝ աշխատակցին հրահանգելով աշխատանքից ազատման դիմում գրել։

«Այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, ես 100 տոկոսով համաձայն եմ նրա հետ, բայց ինչ արվեց՝ ինձ համար ընդունելի չէ: Երբ ՏԻՄ շենքերի վրա տեղադրված դրոշները տեսնում ես, ինքդ քեզանից սկսում ես զզվել՝ տեսնելով վիճակը: Տարիներ շարունակ խնդիրը բարձրացվել է, բայց լուծում չի ստանում: Սա կլինի ազդակ, որ ինչ-որ առումով իրավիճակը շտկվի, բայց այն, ինչ արվեց, ինձ ու շատերի համար ընդունելի չէ՝ սկսած իրավական տեսակետից: Տեղին չէր գնալ ու սովորական աշխատողի վրա գոռալ: Այդպես հարցեր չեն լուծվում: Կարծում եմ՝ ավելի ազդեցիկ կլինեին վարչապետի խոսքերը, եթե մեծահոգաբար, հայրաբար ասեր, որ այսպես չի կարելի: Դա բոլորի կողմից ընկալելի կլիներ, քան այն, ինչ մենք տեսանք»,- անդրադառնալով այդ դեպքին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Կարեն Քոչարյանն անդրադարձավ նաև «Սպայկայի» տնօրենի կալանավորմանը՝ նշելով, որ չի հասկանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին նախարար, հանրապետական պատգամավոր, 14 մլն դոլար կաշառքի համար մեղադրվող Արամ Հարությունյանը կարողացավ Հայաստանից դուրս գալ, Գոնսալեսը՝ նույնպես, իսկ «Սպայկայի» նման խոշոր ընկերության տնօրենը կալանավորվեց: (Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ անձնագրով)։

«Անկախ նրանից՝ դա «Սպայկան» է, թե այլ խոշոր տնտեսական միավոր, խնդիրն այն է, որ, եթե կատարվել է հանցագործություն, հարկեր չեն վճարել, բնականաբար, պետք է իրականացնեն որոշակի գործողություններ: Արդեն ապրիլ ամիսն է, այս տարի, ըստ մասնագետների, սպասվում է բավականին լուրջ բերք, իսկ «Սպայկան» այն ընկերությունն է, որը զբաղվում է գյուղմթերքի մթերմամբ: Ցավոք, ՀՀ-ում տնտեսությունն այնպիսին է եղել, որ այլընտրանք չկա շատ ոլորտներում, մոնոոլիա է, հետևապես՝ ես չեմ հասկանում «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորումը: Չեմ կարծում, որ նման մեծ ակտիվներ ունեցող, աշխատող ձեռնարկության տնօրենը կփախչեր: Կարծում եմ՝ աշխատելով՝ ավելի հեշտ կտար թաքցված հարկերը: Նա ոչ մարդասպան է, ոչ էլ չգիտեմ ինչ, որ պարտադիր պետք է կալանավորվի»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Կարդացեք նաև

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս