Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների երկայնքով. Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների պարագծով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Մենք կաշխատենք մեր սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ամրապնդման համար: Դա կանենք մեր հարեւանների հետ ինչպես երկկողմ ուղիներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գծով, որոնք այդ տարածքում ստեղծված են եւ գործում են»,- հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների առջեւ:
Ինչպես պարզաբանել է Լավրովը, այդ կազմակերպությունների թվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), ԱՊՀ-ն եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ):
«Անշուշտ, մեր անվերապահ գերակայությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մեծ եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնության իրականացումն է՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակցությամբ՝ դռները բաց թողնելով բոլոր այն մյուս երկրների համար, որոնք գտնվում են վիթխարի Եվրասիական մայր ցամաքի վրա, որ ներառում է նաեւ Եվրամիությունը»,- հավելել է նա: